Ա (1)
Տե՛ր, տե՛ս իմ տառապանքները և բազմամեղ հոգուս ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:
Բ (2)
Ողորմի՛ր ինձ` լքվածիս, օգնի՛ր եղկելիիս, ճառագայթի՛ր խավարյալիս, առաջնորդի՛ր մոլորյալիս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում:
Գ (3)
Ձե՛ռք մեկնիր ինձ, ինչպես Պետրոսին. մաքսավորի պես արդարանալ եմ աղերսում:
Դ (4)
Շնորհի՛ր, ինչպես ավազակին, բա՛ց արա ինձ կենաց ճանապարհի և մեծ արքունական առագաստի դուռը:
Ե (5)
Ո՜վ խորք մեծության և իմաստության, ընդունի՛ր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը: Պահպանի՛ր ու զորացրո՛ւ ինձ, որ Քո կամքը գործեմ, զօր ու գիշեր սգամ և լամ իմ ողջ անօրինության ու հեղգության համար:
Զ (6)
Աղբյո՛ւրդ կենդանության, հագեցրո՛ւ ծարավ հոգիս Քո առատաբուխ վտակից, որ ցամաքած տոչորվում եմ իմ բազում անօրենություններից: Ցնցի՛ր քարացած սիրտս և ինձնից ապաշխարության արտասուք քամիր:
Է (7)
Գա՛նձդ ամենայն բարության, դույզն-ինչ շնորհի՛ր ինձ Քո առատ բարիքներից, որոնցից չարաչար աղքատացած ու մերկացած եմ. զգեստավորի՛ր ու կերակրի՛ր ինձ ապաշխարության արցունքներով:
Ը (8)
Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու. լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց արա սրտիս աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:
Թ (9)
Տե՛ր, մի՛ դատիր և մի՛ դատապարտիր ինձ ըստ իմ անբավ զազիր գործերի և մի՛ կարգիր ինձ նրանց հետ, ովքեր զայրացրին Քեզ, այլ փառավորի՛ր փառավորյալների հետ և պսակի՛ր պսակյալների հետ ուրախացրո՛ւ բերկրյալների հետ:
Ժ (10)
Արժանի չեմ, Տե՛ր, բայց հույս եմ դնում Քո ողորմության վրա, քանզի շներն էլ կերակրվում իրենց տիրոջ սեղանից ընկած կերակրի փշրանքներով: Շո՛ւն կոչիր ինձ, Տե՛ր, որպեսզի գամ Քո ետևից: Հովի՛վ բարի, փնտրի՛ր ինձ` մոլորյալիս: Նավապե՛տ իմ Հիսո՛ւս, փրկի՛ր ինձ մեղքերիս ալեծուփ բազմությունից և տո՛ւր ինձ խաղաղության նավահանգիստը: