ԱՂՈԹՔ ՀՈՐԸ, ՈՐԴՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ

ԳՐԱԲԱՐ

Գ. Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Դ. Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի Հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ հայր. մեղայ յերկինս եւ առաջի քո, յիշեա զիս որպէս զաւազակն յորժամ գաս արքայութեամբ քով. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Ե. Հոգի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով` որպէս հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

3.   Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարին փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

4. Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

5. Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

3.  Հայր երկնաւոր, ճշմարիտ Աստուած, որ քու սիրելի Որդիդ ղրկեցիր՝ մոլորեալ ոչխարը փնտռելու համար. մեղանչեցի երկինքի դէմ՝ քու առջեւդ. ընդունէ՛ զիս իբրեւ անառակ որդին, եւ հագցո՛ւր ինծի առաջին պատմուճանը, զոր վրայէս հանեցի մեղքերովս. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

4. Որդի Աստուծոյ, ճշմարիտ Աստուած, որ հայրական ծոցէն խոնարհեցար եւ մարմին առիր սուրբ կոյս Մարիամէն՝ մեր փրկութեան համար. խաչուեցար, թաղուեցար, յարութիւն առիր մեռելներէն, եւ փառքով համբարձար՝ Հօրը քով. մեղանչեցի երկինքի դէմ՝ քու առջեւդ. երբ քու թագաւորութեամբդ գաս, յիշէ՛ զիս, ինչպէս աւազակը ընդունեցիր. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

5. Հոգի Աստուծոյ, ճշմարիտ Աստուած, որ Յորդանան [գետին վրայ] եւ Վերնատունը իջար, եւ զիս լուսաւորեցիր սուրբ Աւազանին մկրտութեամբ. մեղանչեցի երկինքի դէմ՝ քու առջեւդ. վերստի՛ն մաքրէ զիս քու աստուածային կրակովդ, ինչպէս հրեղէն լեզուներով մաքրեցիր սուրբ առաքեալները. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 

8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 

https://youtu.be/t0_I_fl5A8s