ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ

Ամենակարող Տե´ր.
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ
Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:
Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու
Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր:
Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր զինակիցներիս,
հրամանատարներիս ու ինձ:
Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո
ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.
Ամեն…

ԽՆԴՐԱՆՔ ԱՍՏԾՈ ՕԳՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Սաղմոս 16 (ԺԶ)

Լուր Տէր արդարութեան, եւ նայեա ի խնդրուածս իմ. ունկն դիր աղօթից իմոց, զի ոչ շրթամբք նենգաւորօք: Յերեսաց քոց իրաւունք ինձ ելցեն, եւ աչք իմ տեսցեն զուղղութիւն: Փորձեցեր զսիրտ իմ եւ քննեցեր ի գիշերի, փորձեցեր զիս՝ եւ ոչ գտաւ յիս անիրաւութիւն: Մի՛ խօսեսցի բերան իմ զգործս որդւոց մարդկան. վասն բանից շրթանց քոց ես պահեցից զճանապարհս խիստս: Հաստատեա զշաւիղս իմ ի ճանապարհի քում, զի մի՛ գայթակղեսցին գնացք իմ: Ես առ քեզ, Տէր, կարդացի՝ զի լուար ինձ Աստուած, խոնարհեցո առ իս զունկն քո, եւ լուր բանից իմոց: Սքանչելի արարեր զողորմութիւնս քո, ո փրկես զայնոսիկ՝ որ յուսացեալ են ի քեզ, յայնցանէ որ հակառակ կան աջոյ քո: Պահեա զիս որպէս բիբ ական, ի հովանի թեւոց քոց ծածկեսցես զիս՝ յերեսաց ամբարշտաց ոյք տառապեցուցին զիս: Թշնամիք զանձն իմ պաշարեցին, ի ճարպս իւրեանց արգելան, եւ բերանք նոցա խօսեցան զամբարտաւանութիւն: Մերժեցին զիս, եւ այժմ դարձեալ պատեցան զինեւ, ուշ եդին խոնարհեցուցանել զիս յերկիր: Համարեցան ինձ որպէս առիւծ զի պատրաստ է յորս, որպէս կորիւն առիւծու զի նստի դարանեալ: Արի, Տէր, ժամանեա նոցա եւ խափանեա զնոսա, փրկեա զանձն իմ յամպարշտաց ի սրոյ եւ ի ձեռանէ թշնամւոյն: Տէր, կորո զնոսա յերկրէ, բաժանեա եւ խափանեա զնոսա ի կեանս իւրեանց: Գաղտնեօք քովք լցան որովայնք նոցա, յագեցան կերակրովք եւ թողին զմնացուածս տղայոց իւրեանց: Ես արդարութեամբ երեւեցայց երեսաց քոց, եւ յագեցայց յերեւիլ փառաց քոց:


Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր, նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս, որ նենգ շրթներով չէ։ Դատաստանս քեզնից թող չլինի, եւ աչքերն իմ ճշմարտութիւնը թող տեսնեն։ Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնուեց։ Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը. քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կը մնամ դժուարին ճանապարհներին։ 5Հաստատո՛ւն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորուի։ Ես քե՛զ կանչեցի, Տէ՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ. դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը։ Սքանչելի դարձրիր քո ողորմութիւնները, դու, որ աջիդ գտնուող հակառակորդներից փրկում ես նրանց,որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ։ Պահպանի՛ր ինձ աչքի բբի պէս, քո թեւերի հովանու տակ ծածկի՛ր ինձ ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիներն ինձ պաշարեցին՝ խիստ պարարտացան եւ նրանց բերանն ամբարտաւանութիւն բարբառեց։ Վռնդեցին ինձ, եւ արդ դարձեալ շուրջս պատելով, մտադրուեցին ինձ գետին տապալել։ Ինձ թուացին իբրեւ առիւծ, որ պատրաստ է որսի վրայ նետուելու, իբրեւ կորիւն առիւծի՝ նստած դարանում։ Ելի՛ր, Տէ՛ր, հասի՛ր եւ արգելի՛ր նրանց, փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից։ Տէ՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից, ցրի՛ր նրանց եւ խորտակի՛ր կեանքը նրանց։ Քո պահեստներից լցուեց որովայնը նրանց, յագեցան նրանք կերակուրներով եւ մնացածը թողեցին իրենց երեխաներին։ Իսկ ես արդարութեամբ կ՚երեւամ քո առաջ, կը յագենամ՝ տեսնելով փառքը քո:



ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Հովհաննես Գառնեցի

Յաւիտենից Աստուած և արարիչ բոլորից, որ յայսմ աւուր սկսեալ՝ ի սկզբանէ արարեր զերկինս և զերկիր և որոշեցեր զլոյսն ի խաւարէն, խաւարեալս մեղաւք անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ. Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, լուսաւորեա՛ զխաւարեալ խորհուրդս և զմթով ծածկեալ միտքս, բա՛ց զառ ի գործեալ զառագաստ զգայարանիս և ծագեա՛ առ ծառայս անպիտան զնշոյլ ճառագայթից քոց: Փա՛ռքդ անպատում, որ փարէիր ի վերայ անհուն համասփիւռ ջուրցն, փայլեցո՛ առ փանաքիս զփառացդ լոյսդ սրբարար, մաքրեա՛ ի մեղաց զբազմամեղս և սրբեա՛ յանսահման սխալանաց: Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր կոչեցեր զլոյսն տիւ, և զխաւարն կոչեցեր գիշեր, զգիշեր մեղաց իմոց և զխաւար անաւրէնութեանց իմոց հերքեա՛ և հեռացո՛ յինէն: Այլ դու, Տէ՛ր, գթա՛ծ և մարդասէր, որ յառաջ քան զլինելն երկնի և երկրի պատրաստեցեր զարքայութիւնդ ի սկզբանէ՝ սրբոց առաքելոց և ամենայն սիրողաց քոց, արա՛ և զիս արժանի ընդ նոսին ժառանգել զխոստացեալ բարիսն և ընդ նոսին փառաւորել զամենասուրբ զԵրրորդութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:


ՇԱԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Հովհաննես Գառնեցի

Սուրբ Երրորդութի՛ւն անբաժանելի, անճառելի և անաշխատ, որ յայսմ աւուր հանգեար յամենայն գործոց քոց, զոր սկսար առնել և կատարել, որ նշանակեաց հանգիստն զթաղումն աստուածացեալ մարմնոյդ, որ աշխատեցար բազկատարած բևեռմամբն ի վերայ կենսաբեր սուրբ խաչին. և արդ, ահա ես՝ ամենամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, յո՛յս իմ Յիսուս Քրիստոս, և խնդրեմ ի քէն վասն փառաց երեսաց Հաւրդ լուսոյ և վասն փառակցութեան Հոգւոյդ Սրբոյ, և վասն կամաւոր չարչարանաց քոց, և վասն կենդանարար արմատ փայտին և սուրբ բևեռացն, և վասն հեղման քրքմատեսակ ազատարար սուրբ արեանդ, և վասն երեքաւրեայ թաղմանն և հրաշալի յարութեանն, և վասն կուսական կաթինն Մարիամու Սրբոյ Աստուածածնին, և վասն սիրոյ և բարեխաւսութեան ամենայն սրբոց քոց՝ երկնաւորաց և երկրաւորաց, սրբեա՛ զիս յամենայն մեղաց իմոց և ազատեա՛ ի դառն վշտաց գեհենին, և արժանի արա՛ զանպիտան ծառայս քո խոստացեալ բարեացն՝ ընդ ամենայն սուրբս քո, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցից զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով` փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Հովհաննես Գառնեցի

Էապէս բարի և ամենակարող զաւրութիւն՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր երկրի հանել յիւրմէ զգազանս և զանասունս, և զսողունս և զչորքոտանիս՝ յազգս իւրեանց, զվայրենիս և զընտանիս, և յայսմ աւուր արարեր զմարդն անձնիշխան, և կացուցեր զնա տէր և իշխան ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց, և եդեր զնա ի դրախտին փափկութեան՝ պահել զպատուէրն, բայց իմ է պատուիրանազանցութիւն նախահաւրն, որով արտաքսեցաք ի պայծառ պատուոյն և ի փափուկ փառացն: Մանաւանդ զի նա մի անգամ խաբեցաւ փոքր և թեթև յանցմամբ, իսկ ես անթիւ և մեծամեծ յանցանաւք մեղանչեմ անդադար, ուստի և վասն պարտաւորելոյս բարձրացար յայսմ աւուր Բանդ Աստուած ի վերայ խաչին: և արդ, աղաչեմ զքեզ, երկայնամիտ և անոխակալ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, ողորմեա՛ ինձ ողորմեցելւոյս և մեղաւք լցելոյս: Մի՛ ընդ վայր հարկաներ զպատկերս՝ յոր փչեցեր, և մի՛ մատներ զիս յաւիտենից տանջանացն՝ զոր ստեղծեր, զի քո եմ, Տէ՛ր, և ի քեզ յուսամ, և ի քէն ակն ունիմ արձակիլ ի կապոյ յանցանացս: Ուստի և հանդիպեցուսցես զիս, Տէ՛ր, թողութեան մեղաց և քաւութեան յանցանաց, և մասնակից արասցես զվրիպեալս արանց արդարոց և ի սկզբանէ ընտրելոցն, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ Քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին [կենդանության շունչ] փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ Քոնն եմ, Տեր, և հույսս Դու ես, և Քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ Ամենազոր Տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:


ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ



Հովհաննես Գառնեցի

Ներող եւ ներգործող բարեաց, բազմագութ եւ ողորմած Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր ջրոյն հանել յինքենէ զհոյլս զեռնոց եւ ձկանց ծովու եւ թռչնոց երկնից, եւ աւրհնեցեր զնոսա՝ աճել եւ բա զմանալ, եւ մինչեւ ցայսաւր եւ առ յապա խնամարկես ի վերայ նոցա. եւ արդ, ես՝ բազմամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, բազմազեղ եւ ազնուագութ Տէ՛ր, մի՛ անտես առներ զմեղաւորս ի պահպանութենէդ քումմէ եւ մի՛ մերժեր զյանցաւորս ի պարգեւաց քոց, այլ ցո՛յց ինձ զողորմութիւնդ քո եւ արա՛առ իս նշան բարութեան: Բա՛րձ զբեռինս բարկացուցանողիս եւ ազատեա՛ զտառապեալս ի տոռանց մեղաց: Մի՛ բարկանար ինձ, Տէ՛ր, վասն բազում անաւրէնութեան իմոյ, եւ մի՛ դատապարտեր զդառնացուցիչս վասն անուանդ քում սրբոյ, այլ տու՛ր ձեռն տարաւրինեցելոյս, եւ հա՛ն ի խորոց անդնդոց զխորասուզեալս մեղաւք, մաքրեա՛ յաղտոյ մեղաց եւ ազատեա՛ ի խղճէ մտաց զբազմաբիծս, զորդիս կորստեան արա՛ որդիս լուսոյ, եւ զհեռացեալս յարդարութենէ արա՛ մերձաւոր քոց սրբոցն եւ սիրելեացն, զի ընդ նոսին մտեալ ի հանգիստն մշտնջենաւոր՝ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից և մի՛ մերժիր հանցավորիս քո պարգևները, այլ ցույց տուր ինձ քո ողորմությունը և բարության նշան տուր ինձ: Վերցրու բարկացնողիս բեռները և ազատի՛ր տառապյալիս մեղքի ուռկանից: Մի՛ բարկանար ինձ վրա, Տեր, իմ բազում անօրինությանց համար, մի՛ դատապարտիր դառնացուցչիս քո սուրբ անվան համար, այլ ձեռք մեկնիր օրինազանցիս և անդունդի խորքից հանիր մեղքով խորտակվածիս, մեղքի աղտից մաքրիր և բազմամեղիս խղճմտանքը ազատիր, կորստյան որդուս լույսի որդի դարձրու և արդարությունից հեռացածիս մերձավոր դարձրու քո սրբերին ու սիրելիներին, որ նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:


ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ



Հովհաննես Գառնեցի

Անկանիմ առաջի քո եւ աղաչեմ զքեզ, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, անճառ ճառագա՛յթ եւ անհասանելի լո՛յս, եւ լուսեղինաց դասուցդ յաւրինի՛չ, եւ լուսաւորացդ երկնից ստեղծո՛ղ, Երրորդութի՛ւն սուրբ, որ յայսմ աւուր գոյացուցեր զարեգակն եւ զլուսին եւ զաստեղս, եւ եդեր զնոսա ի հաստատութիւն երկնից՝ լուսաւորել զարարածս եւ ցուցանել զժամս եւ զժամանակս, զաւուրս եւ զտարիս. եւ արդ, ես՝ խափանեալս ի լուսոյ եւ ծածկեալս խաւարաւ մեղաց, հայցեմ յամենալոյս ողորմութենէդ՝ որպէս տարրական լուսաւորացդ շնորհեցեր լոյս, շնորհեա՛ եւ ինձ յառատ եւ յանհամեմատ լուսոյդ փոքր մի մասն եւ բաժին, եւ փարատեա՛ յինէն զմէգ եւ զխաւար յանցանաց, եւ անանց լուսովդ առաջնորդեա՛ ինձ յերկնից արքայութիւնդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին, այժմ եւ միշտ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ` ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ, և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։


ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ



Հովհաննես Գառնեցի

Վերին վայելչութեանցդ վերանորոգող եւ ստորնայնոցս ստեղծող՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր անբաւութեան ջուրցն ժողովիլ ի ժողովս իւրեանց, յորում երեւեցաւ ցամաքն հանդերձ բարեբողբոջ բուսաւք եւ տնկաւք, եւ ծառաւք եւ ծաղկաւք, եւ ամենայն բարի պտղաւք յազգս իւրեանց, անկանիմ առաջի քո եւ խնդրեմ ի քէն՝ թարշամեալս մեղաւք ի հոգւոյ ծաղկանցն եւ անպտուղս ի բարի արգասեացն, հայեա՛ց, Տէ՛ր, ի ստեղծուածս անմեղ մատանցդ, եւ զգործս անարատ ձեռացդ մի՛ անտես առներ, այլ նախախնամական սիրովդ խնայեա՛ ի խախտեալս եւ ի տարակուսեալս մեղաւք, զի նետք նենգաւորին խոցոտեցին զիս, եւ հարան յիս փուշք բանսարկուին, վիրաւորեաց զիս վիշապն ահագին, եւ թոյնք մահաբեր գազանին թափեցան ի վերայ իմ. չի՛ք ուստեք փրկութիւն, եւ ո՛չ գոյ բժշկութիւն հոգւոյ եւ մարմնոյ իմոյ: Արդ, հայցեմ ամենամեղս յամենազաւր տէրութենէդ, բժշկեա՛ զբեկեալ սիրտս եւ պատեա՛, մարդասէր Տէր, զկարեվէրս. եւ որպէս այսաւր որոշեցեր զջուրն ի ցամաքէն, նոյնպէս որոշեա՛ յինէն զամենայն անաւրէնութիւնս իմ, եւ արժանի արա՛ երկնից արքայութեանդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր, այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին, և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանի թույները թափվեցին վրաս: Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ հոգուն և մարմնին:
Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից, նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս
հավիտենից. ամեն:



ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Հովհաննես Գառնեցի

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր քո ամենազաւր և բարձրագոյն բանիւդ բաժանեալ անջրպետեցեր զբազմութիւն ջուրցն ընդ երկուս, և անշուշտ ամրութեամբ սահմանեցեր զհաստատութիւնն երկնից ի մէջ ջուրցն՝ տեղի զբաւսանաց ամենայն զուարթնոցն երկնից, անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ, ասա՛ բանիւդ այդուիկ առ իս, եթէ՝ «Թողեալ լիցին քեզ մեղք քո» բազում. քանզի անաւրէնութիւնք իմ բարձրացան քան զգլուխ իմ, և բազմութիւն յանցանաց իմոց ծածկեաց զիս:
Չի՛ք չափչարեաց չարասիրիս, և ո՛չ գոյ թիւ թաղծեալ անաւրէնութեանս:
Մեկնեա՛ յինէն զյանցանս իմ, Տէ՛ր, և անջրպետեալ վերացո՛ ի վսերէս զվէրս վիրաւորեալ ծառայիս, արա՛ արժանի զանպիտան ծառայս քո երկնից արքայութեանդ՝ առ ամենայն սուրբս քո, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այսօրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր:
Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում:
Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ:
Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս:
Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր,որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո զմեզ, եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ:
Հաւասարեա զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս քո, որք հոգւով եւ ճշմարտութեամբ քեզ երկիր պագանեն: Վասնզի ամենասուրբ Երրորդութեանդ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ, եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:
Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։ Մեզ հավասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով և ճշմարտությամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետև Ամենասուրբ Երրորդությանդ վայել են փառքը, իշխանությունը և պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։











* * *
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում:
Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը:
Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՂՈԹՔ

Զարեհ Արք․ Ազնավորյան

Տե՜ր Աստված իմ, հզոր եւ գթած, դու, որ քո անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր քո անիմանալի պատկերով եւ բարի պարգեւներով հոգում ես իմ բոլոր պետքերը, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում քեզ ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչեւ այսօր: Բայց որովհետեւ մարդկային հանցանքների բերումով ապականված, տկար եւ սխալական բնություն ունեմ` աղաչո՜ւմ եմ ինձ քո շնորհքը եւ իմաստությունը տուր եւ քո զորությունը օգնական դարձրու ինձ, որպեսզի կարողանամ միշտ քո պատվիրանների փրկարար շավիղների մեջ քայլել եւ համակերպվեմ քո կամքին եւ օրենքին, որպեսզի զերծ մնամ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից ու փորձանքներից, հեռու մնամ բոլոր անմիտ սխալներից, համառության մոլությունից, անկարգ ցանկություններից եւ սեփական քմահաճույքներից:
Դրոշմի՛ր հոգուս մեջ քո երկյուղը, որպեսզի մաքրությամբ եւ արդարությամբ ապրեմ, միշտ քե՛զ ունենալով մտքիս մեջ:
Իմ կամքը հոժար դարձրու բարուն եւ քո կամքին, դո՛ւ ուղղիր իմ խոսքերը, որպեսզի միշտ վայելուչն ընտրեմ:
Իմ տկար անձը մի՛ մատնիր այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին, որպեսզի չլինի որ շեղվեմ քո խոսքից եւ բարի շավիղից:
Իմ սրտի մեջ աճեցրու բոլոր առաքինությունների սերմերը, որպեսզի դրանցով ապրեմ իմ ամբողջ կյանքում:
Շնորհի՛ր, որ միշտ խոնարհ լինեմ, հեզ եւ համեստ` վարքով, բարի եւ մաքուր` խորհուրդներով, խոսքով ու գործով, ճշմարտախոս լինեմ եւ ուրիշին չվնասեմ իմ խոսքերով, հավատարիմ եւ ժրաջան լինեմ պարտականություններիս կատարման եւ մանավանդ այն դերի մեջ, որ դու տվեցիր ինձ:
Թող արդար, բարեմիտ, իրավունքը սիրող եւ ողորմած լինեմ իմ բոլոր գործերի մեջ եւ ընկերներիս հանդեպ իմ արարքների մեջ, մեծարող եւ հնազանդ լինեմ ծնողներիս եւ մեծերիս, բարի, քաղցր եւ սիրալիր` բոլոր մարդկանց հանդեպ եւ պատրաստ լինեմ մարդկանց անելու այն, ինչ որ ուզում եմ, որ ուրիշները անեն ինձ:
Քո անհուն խնամքով դո՛ւ հոգա իմ հոգեւոր ու մարմնավոր պետքերը եւ այնպես արա, որ ամեն բանի մեջ քե՛զ հուսամ եւ ապավինեմ:
Թույլ տուր, որ միշտ շնորհակալություն հայտնեմ ինձ տված բոլոր պարգեւներիդ համար եւ գոհունակ սրտով բավարարվեմ իմ վիճակով ու պայմաններով:
Հեռո՛ւ պահիր ինձ ծուլությունից եւ պարապությունից:
Փրկի՛ր ինձ չար ընկերներից, չար օրինակներից եւ բոլոր վտանգներից ու փորձություններից: Եւ ընդունի՛ր հորս եւ մորս, եղբայրներիս եւ քույրերիս, ամբողջ ընտանիքիս եւ բարեկամներիս, ինչպես նաեւ բոլոր մարդկանց համար իմ խնդրանքը, բոլորին էլ հիշիր քո սիրո մեջ եւ բոլորին առատօրեն տո՛ւր քո բարի պարգեւները, թե՛ այստեղ, եւ թե հավիտենական կյանքում, որովհետեւ քո՛նն են փառքը, պատիւն ու զորությունը հավիտյանս հավիտենից:
Ամեն:

ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ


ՍԱՂՄՈՍ 4 (Դ)


Ի կարդալ իմում լուար ինձ, Աստուած, ըստ արդարութեան. ի նեղութեան ինձ անդորր արարեր, ողորմեա՛ ինձ եւ լո՛ւր աղօթից իմոց:
Որդիք մարդկան, մինչեւ յե՞րբ էք խստասիրտք. ընդէ՞ր սիրէք զնանրութիւն, եւ խնդրէք զստութիւն:
Ծաներուք զի սքանչելիս արար Տէր սրբոյ իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ նա:
Բարկանայք եւ մի՛ մեղանչէք, զոր ինչ ասէք ի սիրտս ձեր՝ յանկողինս ձեր զղջացարուք:
Մատուցէք պատարագս արդարութեան, եւ յուսացարուք ի Տէր:
Բազումք ասէին թէ Ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն Տեառն. նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:
Ի պտղոյ ցորենոյ՝ գինւոյ եւ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա:
Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք եւ զարթիցուք. զի դու Տէր միայն առանձին յուսով քով բնակեցուցեր զմեզ:


Երբ ձայն տուի, իմ արդարութեան համար լսեցիր ինձ, Աստուա՛ծ, նեղութեան մէջ ինձ անդորր տուիր. ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր իմ աղօթքին։ 
Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում։ 
Իմացէ՛ք, որ Տէրը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, եւ Տէրը կը լսի ինձ, երբ օգնութեան կանչեմ նրան։ 
Եթէ բարկանաք՝ մի՛ մեղանչէք, ձեր անկողնու մէջ ինչ էլ որ ասէք ձեր սրտում՝ զղջացէ՛ք։ 
Արդարութեան զոհե՛ր մատուցեցէք եւ Տիրոջ վրայ յո՛յս դրէք։ 
Շատերն ասացին՝ «Ո՞վ ցոյց կը տայ մեզ Տիրոջ բարութիւնը»։ 
Քո երեսի լոյսը ծագեց մեր վրայ, եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձէթի բարիքով յագեցրիր նրանց։
 Այսուհետեւ մենք խաղաղութեամբ կը ննջենք ու կ՚արթնանանք, քանզի դու միայն, Տէ՛ր, ապահովութեան մէջ բնակեցրիր մեզ։ ։

ՕՐՀՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ


ՍԱՂՄՈՍ 150 (ՃԾ)


Աւրհնեցէք զԱստուած ի սրբութեան նորա, աւրհնեցէք զնա հաստատութեան ի զաւրութեան նորա։
Աւրհնեցէք զնա ի զաւրութեան նորա, գովեցէք զնա ի բազում մեծութեան նորա։
Աւրհնեցէք զնա ի ձայն
աւրհնութեան, աւրհնեցէք զնա սաղմոսիւք եւ աւրհնութեամբ։
Աւրհնեցէք զնա ցնծութեամբ, գովեցէք
զնա ուրախութեամբ։
Աւրհնեցէք զնա ի բանս քաղցունս, աւրհնեցէք զնա ի բարբառ լսելի։
Աւրհնեցէք զնա ի ձայն գոհութեան. ամենայն հոգիք աւրհնեցէք զՏէր։

Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։
Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։
Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։
Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։
Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։
Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԳԻՐՔ ԸՆԹԵՐՑԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Ս. Հովհան Ոսկեբերան

Տե՛ր Հիսուս Քրիստոս,
բա՛ց սրտիս աչքերը՝ լսելու Քո խոսքը,
հասկանալու և կամքդ կատարելու,
քանզի պանդուխտ եմ ես այս աշխարհում:
Մի՛ ծածկիր ինձնից Քո պատգամները,
այլ բա՛ց իմ աչքերը,
որ հասկանամ օրենքիդ հրաշալիքները.
հայտնի՛ր ինձ Քո իմաստության անհայտն ու ծածուկը:
Ես Քեզ եմ ապավինում, Աստված իմ,
թող Քո մտքի լույսով լուսավորվի նրա իմաստը,
որ ոչ միայն գրվածը կարդամ, այլև կատարեմ,
որպեսզի մեր կարդացած խոսքերն ու սուրբերի վարքը մեզ ի վնաս չլինեն,
այլ ի նորոգություն, լուսավորություն, սրբագործություն,
ի փրկություն հոգու և ի ժառանգություն հավիտենական կյանքի:
Զի Դու ես լուսավորում խավարի մեջ նստածներին,
և Քեզանից է ամենայն բարիք ու ամենայն կատարյալ շնորհ:
ԱՄԵՆ

ԱՂՈԹՔ ԵԿԵՂԵՑՈՒ եւ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

Հովհան Ոսկեբերան

Որ օրհնես զայնոսիկ, ոյք օրհնեն զքեզ Տէր, եւ սուրբ առնես զյուսացեալս ի քեզ։
Կեցո՛ զժողովուրդս Քո եւ օրհնեա՛ զժառանգութիւնս Քո, զլրումն Եկեղեցւոյ Քո պահեա՛:
Սրբեա՛ զսոսա, որք ողջունեցին սիրով զվայելչութիւն տան Քո:
Դու զմեզ փառաւորեա՛ աստուածային զօրութեամբ Քով եւ մի՛ թողուր զյուսացեալս ի Քեզ:
Զխաղաղութի՛ւն պարգեւեա ամենայն աշխարհի, եկեղեցեաց, քահանայից, թագաւորաց քրիստոնէից եւ զինուորեալ մանկանց նոցին եւ ամենայն ժողովրդեանս:
Զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալք առ ի Քէն, որ ես Հայր Լուսոյ, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ո՜վ Տեր, Դու, որ օրհնում ես քեզ օրհնողներին, Դու, որ սրբացնում ես քեզ հուսացողներին։ Ապրեցրու քո ժողովրդին և օրհնիր քո ժառանգությունը։
Պահպանիր քո Եկեղեցու ամբողջությունը։ Սրբիր նրանց, ովքեր սիրով ողջունեցին քո Տան վայելչությունը։
Փառավորիր մեզ քո աստվածային զորությամբ և մի՜ լքիր քեզ հուսացողներին։ Խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին, Եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնյա թագավորներին, հայրապետներին և հայոց ազգի Հանրապետությանը, նրա զինվորյալ երիտասարդներին ու ամբողջ ժողովրդին։
Որովհետև բոլոր բարի տուրքերն ու բոլոր կատարյալ պարգևները վերևից են իջել՝ Քեզանից, որ լույսի Հայր ես, և Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։