ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԽԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա 
Եւ արդ, յոյս բարեաց, տնկեալ ի սրտի, անձն իմ կործանեալ,
Եւ գաւտեաւն հաւատոց պնդեալ զերիկամանցդ երկակի մասունս`
Զկրկնապղտոր խորհրդոցդ զցանկականիդ գործարան,
Խոստովա'ն լեր բարերարին Աստուծոյ զմտացդ` իբրեւ զգործոց,
Զխորհրդոցդ` իբրեւ զլրութեանց,
Զանտեսիցն` իբրեւ զյայտնեցելոց,
Զսրտիդ ծածկութից` իբր զբարբառումն ձայնից,
Զակնարկութեանցդ` իբր զարդիւնականաց մեղանաց,
Զազդել շրթանցդ` իբրեւ ի գլուխ ելելոց չարի,
Զոտիցդ հետոց` իբր զպատուիրանաւն Աստուծոյ վազողաց,
Զձեռացդ ձգումն առ ցասումն` իբր ի հեղումն արեան գործողի,
Զծիծաղելն բնաւին` իբր զկամաւորական լքումն շնորհի,
Զերդմնականն, որ թէ' ի հանդէպս, թէ' ի տարադէպս` իբր զգործակցութիւն խաբողին,
Զամբարտաւանութիւնն` իբր զհին կործանիչ նախաստեղծին բարձրութեան,
Զսրտին նեղութիւն` իբրեւ զթերութիւն հաւատոց,
Զմեղկութիւնն` իբրեւ զպարտութիւն զաւրաւորին պնդութեան,
Զտրտունջն առ վտանգս կրիցն` իբր զուրացութիւն ուխտին, որ առ Տէրն,
Զապարասանութիւնն` իբր զթոռն իմն անգթութեան,
Զամբարհաւաճութիւնն` իբր ոչէիւք առ վեհսն գոռոզութեան,
Զհպարտութիւնն` իբր զկամակոր հարազատ գտողին չարեաց,
Զակամայիցն ընդ կամաւորացն, զբռնեցելոցն ընդ հաւանականացն,
Զեկամտիցն ընդ բնաւորականացն, զանաւրէնութիւնսն ընդ ապաստուածութեանն,
Զփոքունսն ընդ սաստկագունիցն, զնուազունսն ընդ յոլովիցն,
Զանճառիցն իմոց` իբր զճառելեաց գիտողին,
Զանգրելոց վնասուցն` իբր զնկարելոց տեսողին ի յարձան մագնեստիս վիմի,
Զթեթեւագունիցն առ խտիր մտաց` իբր զստուար ծանրութիւն բեռանց,
Զխնդիր չափոյ ծածկելոցն` իբր զճշդով պահանջումն սատերն սակի
Ի բերանոյ կիտին կորիւնի չորեքդրամեան կշռութեամբն,
Զանդնդականացն գործոց` իբր ի յականջս Աստուծոյ արագ ժամանելոց:
Զայսոսիկ յաճախեա', կուտեա' կրկին յանձնառութեամբ`
Վերստին պատմել աստանաւր մեծաւ հեծութեամբ զչէիցն` իբրեւ զեղելոց,
Ընծայեալ Աստուծոյ զպարտութիւն վանեցեալ անձինդ,
Զի ընկալցիս ի փոխատուէն զշնորհաւք թողութիւն պարտուց մեղաւորին,
Զոր Տէրն արդարացոյց եւ հրաշափառապէս հռչակեաց`
Ամենապատիկ ներբողիւ կրկնեալ զգովեստ զղջմանն,
Քան զպարսաւանս մեղացն: 


Բ 
Բարդեա' եւ դիզեա' անձինդ մեղապարտի բամբասանս յոգունս`
Զքոյսն խոհերս բազմամասնեայս, անձն իմ, կշտամբեալ յոգնախթանդ բանիւ
Զչարութիւնն, զանաւրէնութիւնն, զվրիպութիւնն,
Զառ ի մարտին հանդիսէ փախուստ, զպարտութիւնն,
Զմոլեգնութիւնն, զամբարշտութիւնն, զապշութիւնն,
Զթմբրութիւնն, զքունն արթնական, զառ ի յընթացսն զնիրհումն,
Զխորհուրդն աւտարոտի, զբանիցն նանրութիւն,
Զզազրութեանն հաճութիւն, զյամենալն ի նմին,
Զփափագելն Աստուծոյ ատելեացն,
Զաներկիւղութիւնն, զանսաստութիւնն, զանհարթութիւնն,
Զթերութիւնն, զթիւրութիւնն, զլուծութիւնն, զճշդութիւնն,
Զանկապ արձակումն, զծիծաղականսն, զվրնջողականսն,
Զկատակերգականսն, զգայթակղականսն, զպատրողականսն,
Զանդէպ քաջութիւնսն, զանյարմար մարտսն, զառանց աւրինի արիութիւնսն,
Զխեղդմունս հոգւոյն, զտատանողականսն զերկչոտութիւնս,
Զբազմաստեղնեան ճիւղսն զրահետականս,
Զանպատկառ փարաքմունս, զգժտութիւնսն, զգժդմնութիւնսն,
Զանդատ ատելութիւնսն, զմարմաջմունսն դիւրըմբռնողականս,
Զփոքունցն զանկշռութիւնս, զխոստմանցն դրժողութիւնս,
Զուխտիցն մոռացութիւնս, զնմանեացն այլակերպութիւն,
Զկեղծեացն քողարկութիւն, զփառամոլութեանն մորոսութիւն,
Զյաւնիցն յաւակնութիւն, զապիրատութիւնսն, զինքնասիրութիւնսն,
Զնախագահիցն տենչութիւն, զհատուցանելն եղեռնականացն,
Զնոցինսն զանշահ աղճատանսն, զվայրապար բերմունսն,
Զընթացակցութիւնսն խորամանկութեան բանսարկուին,
Զբանին սերմնակաթութիւն, զվաճառումն կենացն ընդ գնոց սատակմանն,
Զկորուստ աւանդիցն, զհայրենեացն ծախս, զկապարանն ձգողական,
Զփոկով լծոյ երնջոց անխզելի ըմբռնմամբ զանաւրէնութիւնս,
Զյարաթաթաւ տղմաբնակութիւնս, զլքումն լաւացն,
Զընթադրութիւնս անկարծիցն, զկնի դարձին առ նոյն դարձ դաժանական,
Զնորոգ մտացն, զաւտար խորհրդոցն, զանկայուն կամացն,
Զհաչման հագագին, զէութիւն շնչոյն,
Զեւսն քան զսահման կանոնացն դրութեան`
Զիշխանականին զամենասփիռ բացարձակութիւն
Եւ զոր չէ ճառելի եւ կամ գրելի եւ կամ պատմելի
Եւ կամ յերեսս դիմաց բերելի: 

Գ 
Եւ արդ, զիա՞րդ բժշկեսցիս, անձն իմ եղկելի,
Ի յայսքանեաց տիգաց խոցոտեալ,
Բարձեալ թողեալ այր մի տարագիր, անողջանալի, ըստ մարգարէին,
Քանզի մի ի վերագրելոցդ բաւականապէս զաւրէ սատակման,
Թող թէ այսքան դասք սպանողաց, դժնէից դահճաց շուրջ պաշարողաց,
Մանաւանդ զի ոչ այսու եւեթ նմանագրութեամբ
Կշռի տարացոյց տաժանեցելոյս:
Այլ զոր աւրինակ անթիւ բազմութիւն կայտառաց կարճաց խայթողականաց`
Ի ստորին մասունս ծայրից տտնոցն զաւրհասական թոյնս բերելոց,
Եւ յաման մաշկեղէն արկեալ ամփոփէ զելիցն շաւիղ կապարանին շրջափակութեամբ,
Ցուցանի արտաքուստ բարւոք, իսկ ի ներքուստ` համբարք չարի
Եւ պահեստ կորստեան եւ կոյտ կսկծման
Եւ գործաւնեայք սատակման եւ մշակք մահու: 

Դ 
Արդ, այսոքիկ են ամբարեալքն քո անաւրէնութեան
Տաժանեաց թշուառաքիրտն թոշակք,
Անձն իմ պարտական կրկին սատակման:
Որ կամաւորաբար ընկալար ի քեզ,
Զոր թշնամին սերմանեաց ի վերայ ցորենոյն յագարակի աշխարհիս,
Ո'վ այր անմաքուր, ամբարիշտ եւ ծոյլ, բնաւին ատեցեալ,
Սիրողդ մտացդ ախորժմամբ զլցեալսն ամենայն անառակութեամբ:
Եւ զոր առաքեալ ցուցանէ զթիւս բանիցն սարսափելեացն կշտամբողաց`
Աստուստ սկսեալ մինչեւ ի կատար կանոնի այնր պայմանի.
Եւ որ հասեալ են, ասէ, յԱստուծոյ իրաւանցն վերայ,
Եթէ որք զայսպիսիսն գործեն եւ կամ կամակից են, արժանի են մահու:
Արդ, ես ինձէն զիս ինքն պարտ վարկայ
Կրկին հատուցման, կորստեան, սատակման, ի մահ դատապարտութեան,
Այլ անխայեա' յիս ողորմութեամբ, բարեգութ, կենդանի,
Հզաւր, կամարար, կարող, հնարաւոր, աւրհնեա'լ յաւիտեանս: Ամէն: 


Ա 
Եվ արդ, ով կործանված իմ անձ, բարի 
հույսը տնկած սրտիդ մեջ 
Եվ հավատքի գոտիով պնդած 
երիկամներիդ մասերն երկու` 
Ցանկական գործարանները քո 
կրկնապղտոր խորհուրդների, 
Խոստովանի՛ր բարերար Աստծուն 
մտածածներդ` որպես թե արդեն 
գործված մեղքեր, 
Խորհածներդ` իբրև կատարվածներ, 
Անտեսներն` իբրև արդեն հայտնի, 
Սրտիդ մեջ թաքուն պահածներն` իբրև 
բարձրաձայն ասված. 
Ակնարկումներդ` իբրև իրագործած մեղանչումներ, 
Շուրթերիդ շարժումն` իբրև չարության 
գործադրություն, 
Ոտքերիդ հետքերն` իբրև վազք ընդդեմ 
Աստուծո պատվիրանների, 
Ձեռքերիդ ցասկոտ երկարումն` իբրև 
արյունահեղություն, 
Անվերջ ծիծաղելն` իբրև կամավոր լքումն 
շնորհի, 
Երդումն ի դեպ թե տարադեպ` իբրև 
գործակցություն խաբողին, 
Ամբարտավանությունն` իբրև հին 
կործանիչ նախաստեղծին իր 
բարձրությունից, 
Սրտնեղությունն` իբրև 
թերահավատություն, 
Մեղկությունն` իբրև պարտություն 
զորավոր ամրության, 
Վշտակրության համար տրտնջալն` իբրև 
ուրացություն` Տիրոջ հետ արած ուխտի, 
Անսանձությունը` իբրև մի թոռը 
անգթության, 
Անբարհավաճությունն` իբրև վեհերի դեմ գոռոզացում չնչին բաներով, 
Պարծենկոտությունն` իբրև կամակոր 
հարազատություն չարագործի հետ: 
Ակամա մեղքերն էլ խոստովանիր 
կամովին գործած հանցանքների հետ, 
Բռնիները` հավանությամբ կատարվածի 
հետ, 
Նորամույծները` բնածինների հետ, 
Անօրենությունը` ապաստվածության հետ, 
Փոքրերը սաստկագույնների և քչերը` 
շատերի հետ, 
Անասելիներն ասա` արդեն իսկ ասված 
իմացողին, 
Անգրելի մեղքերը` իբրև տեսնողի աչքի 
առջև մագնիսաքարի վրա 
արձանագրված, 
Մեղքի համար թեթևագույն 
համարվածներն` իբրև ստվար ու 
ծանր բեռներ, 
Ծածկվածների չափի որոնումը` իբրև 
ճշտիվ պահանջումն 
Կետի կորյունի բերանից առած սատերի 
տուրքի` չորեքդրամյան ծանրությամբ
Անդնդային գործերը` իբրև Աստուծո 
ականջին արագ հասածներ: 
Շարունակի՛ր սրանք և կուտակի՛ր 
կրկնապես` 
Հանձնառու լինելով պատմելու այստեղ 
վերստին 
Սաստիկ հեծությամբ չեղածներն իբրև 
արդեն եղածներ 
Ցույց տուր Աստծուն պարտությունը քո 
հալածյալ անձի, 
Որպեսզի ընդունես դու փոխատուից 
պարտքերիդ թողություն, 
Այն մեղավորի նման, որին արդարացրեց 
Տերը և հռչակեց հրաշափառապես, 
Եվ բազմապատիկ ներբողով կրկնեց 
գովեստը զղջման, 
Քան թե պարսավեց մեղքերը նրա: 

Բ 
Բարդիր և դիզի՛ր, ա՛նձն իմ, մեղապարտ 
 հոգուդ հանցանքները, 
Կշտամբելով հույժ` խոսքերով սաստիկ և 
նախատական 
Քո բազմամասնյա խոհերը և գործերը 
ժանտ` 
Չարություն, անօրենություն և սխալանք, 
Մարտահանդեսից փախուստ և 
պարտություն, 
Մոլեգնություն, ամբարշտություն և 
ապշություն, 
Թմրություն և քուն` արթմնի և նիրհումն 
ընթանալիս, 
Օտարոտի խորհուրդ և նանիր խոսքեր, 
Սեր` զազիր գործերի և դանդաղում 
նրանց մեջ, 
Տենչեր` Աստուծո համար ատելի, 
Աներկյուղություն, անսաստություն, 
անշիտակություն, 
Թերություն, թյուրություն, թուլություն, 
ժլատություն, 
Սանձարձակություն, ծաղրածություն, 
խեղկատակություն, 
Եվ շարժուձևեր գայթակղեցուցիչ ու 
պատրողական, Անտեղի քաջություններ, անհարմար 
մարտնչումներ, արիություններ 
անօրինական, 
Հոգու խեղդումներ, տատանողական 
երկչոտություններ, 
Բազմոստայն ճյուղեր թափուր, անպտուղ, 
Անպատկառ լկտիություններ, 
գժդմնություններ և գժտություններ, 
Անմիտ ատելություններ և մարմաջումներ 
դյուրին որսացվող, 
Անկշռելի փոքրություններ, 
խոստմնադրժություններ, 
Ուխտազանցություններ, 
այլակերպություն նմաններից, 
Կեղծիքների քողարկումներ, 
փառամոլության հիմարություններ, 
Հավակնություն բարձրահոն, 
ապիրատություն, եսասիրություն, 
Նախագահական տենչանք, չարով 
հատուցում չարագործներին, 
Եվ դրանց հանդեպ բարբաջանք և ի զուր 
ու փուչ կրքեր, 
Գործակցություն բանսարկուի 
խորամանկությանը, Խոսքերի շաղ տալն ու կենաց վաճառք 
սատակման գնով, 
Ավանդների կորուստ, ժառանգության 
վատնում, կապանք ձգողական, 
Երինջների լծափոկով անխզելի` բռնված 
անօրենություններ,
Մշտաթաթավ տղմաբնակություններ, 
Լքումն լավերի և ենթարկումն վատերի, 
Դարձի գալուց ետ վերադարձ դեպի նույն 
դժնություններ` 
Նորամուտ մտքեր, օտար խորհուրդներ և 
անկայուն կամք, 
Հագագային հևքեր, անասնական կրքեր, 
Իշխանականի ամենասփյուռ 
ընդարձակություն: 
Եվ կան դեռ, որոնք անգրելի են և անասելի, 
Կամ անպատմելի, անպատկերելի: 

Գ 
Եվ հիմա, ինչպե՞ս պիտի բժշկվես, ա՛նձն 
իմ եղկելի, 
 Դու, որ խոցված ես այսքան տեգերով, 
Երեսից ընկած անողջանալի այր մի 
տարագիր, ըստ մարգարեի, 
Զի միայն մեկն էլ վերոգրյալներից 
բավական է քեզ սատակեցնելու, 
Դեռ թողնենք, որ դու ժանտ դահիճների 
այսքան խմբերով ես շրջապատված: 
Մանավանդ` սոսկ ա՛յս օրինակներով չի 
տրվում պատկերը տառապյալիս, 
Այլ, ինչպես վխտացող բազմությունն 
անթիվ կարիճների, 
Որոնք օրհասական թույնը կրում են 
իրենց պոչի ծայրին, 
Ինչպես մաշկեղեն մի ամանի մեջ 
ամփոփված, որտեղ խայթոցն է նրանց, 
Որոնք արտաքուստ թվում են թեև բարի, 
անվնաս, 
Բայց ներքուստ ունեն չարի ամբարներ, 
կորստյան պահեստ, 
Կսկծանքի կույտ, սատակման գործոններ, 
մշակներ մահվան,– 

Դ
Այդպես են նաև ամբարված դաժան 
անօրենությամբ Թշվառաքրտինք թոշակները քո, ա՛նձն իմ 
պարտական կրկին սատակման: 
Կամավորաբար ընդունեցիր դու քո մեջ 
այն, ինչ որ 
Ցանեց թշնամին աշխարհի ագարակում` 
ցորենի վրա,
Ո՜վ այր անմաքուր, ամբարիշտ և ծույլ, 
իսպառ ատելի, 
Որին սիրելի և դուրեկան են 
անառակությամբ լցված ամեն ինչ, 
Որոնք թվում է առաքյալն ինքը խիստ 
կշտամբական իր այն խոսքերով` 
վերջացրած այսպես` 
«Եվ նրանք, ովքեր գիտնալով հանդերձ 
օրենքն Աստուծո գործում են այսպես 
Կամ գործողներին լինում կամակից` 
արժանի են մահվանե: 
Արդ, ես ինքս ինձ արժան դատեցի 
կրկնակի պատժի – 
Կորչելու իսպառ և սատակելու որպես 
Բայց դու խնայիր ինձ ողորմությամբ, 
բարեգո՜ւթ, հզոր, կենդանի, 
Կամարար, կարող և հնարավոր, 
օրհնյա՜լ հավիտյանս, ամեն: