ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԽԴ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա 
Աստուած անսահման, ծնունդ Աստւոծոյ հարազատ, անթարգմանելի,
Արարիչ բնաւին եղելոց, Քրիստոս թագաւոր,
Լոյս` ի խաւարի սրտից մթացելոց,
Ընդ մեզ` լրմամբ, եւ ընդ առաքչիդ` իսկութեամբ,
Մերայնովս զքոյինսդ ծանուցանող հրաշապէս:
Հայր քո աւրհնեալ, երկնաւոր, անճառ,
Որ առաքեացդ զքեզ ի վերուստ,
Ում փառակիցդ ես արարչութեամբ,
Այնքան հոգացաւ փրկութեան իմոյ տարագրեալ գերւոյ,
Մինչեւ զքեզ իսկ մատնեաց մարդկան:
Իսկ դու, կարող գոլով ի վեր քան զվիշտս`
Զտնտեսութեանս աւարտել խորհուրդ,
Հաճեցար ընդ պարտեցելումս զմահուն ճաշակել բաժակ`
Անթերի մարդկութեամբ եւ անպակաս աստուածութեամբ:
Եւ Հոգիդ Սուրբ կենդանարար, որպէս` քո եւ Հաւր քոյ` իսկակից
Եւ համապատիւ էութեամբ` ծնողիդ եւ ծնիցելոյդ:
Մի Երրորդութիւն կատարեալ ի դիմաց երից անորոշելի հատուածոց,
Անսկիզբն եւ անժամանակ, բնաւին բարերար,
Համայն կենդանարար, բոլորից խաղաղարար,
Ստեղծիչ գոյից եւ յաւրինիչ ամենից,
Անքակութեամբ եւ միով բնութեամբ փառաւորեալ: 


Բ 
Իսկ եթէ Հայրն գթած, երկնաւոր, հզաւր` մին յէութենէն,
Վասն մահապարտիս յանցանաց մատոյց
Զմիայնակ ծնունդդ յանքնին ծոցոյն,
Ոչ անխայեալ յՈրդիդ` ի համապատիւդ եւ ի սիրելիդ,
Այլ կամաւ նուիրեաց մահու չարչարողացն զինու,
Ըստ մարգարէութեանն Զաքարիայ,
Վասն զի զարթնուլ սրոյն ի վերայ հովուին,
Եւ հարկանիլ նոյն ինքն հաւտապետին,
Եւ ցրուիլ ոչխարացն հաւտին,
Որպէս աւրինակն նուրբ նախագրին,
Եւ ուխտադրութիւն խորանին,
Եւ նուիրումն արեան սպանդին,
Եւ առակ խորհրդոյ աբրահամեան պատարագին,
Զփրկութիւն թշուառացելոյս
Ի կամաց կեցուցչիդ յառաջագոյն նկարագրէր,-
Եւ արդ, հի՞մ տրտմիս, անձն իմ,
Կործանեալ ոչ յաստուածուստ հնարաւորութեանց,
Այլ ի քումդ ինքնագործ հակամտութեանց,
Կամ ընդէ՞ր զիս խռովես`
Յուսահատութեամբ սատանայականաւ զմիտս հարեալ:
Յուսա' յԱստուած, խոստովա'ն լեր նմա, եւ նա հոգայ վասն քո,
Ըստ դաւթեան սաղմոսին եւ այլ մարգարէի կենսախրախոյսն բանի: 

Գ 
Իսկ յեղանակ խնամարկելոյ հաստողին ի վեր է,
Քան զսահման կշռութեան մտաց հրեշտակաց եւ երկրականաց,
Եւ եթէ բիւրս կրկնեսցի, ոչ լինի չափեալ,
Քանզի անբովանդակելոյն եւ բարերարելն է անճառելի:
Նա զի ոմն աւրհնեալ զոմն աւրհնաբանեալ
Յերրորդական համագոյութենէն առաքեաց,
Իսկ նա ի հաճութիւն կամաց առաքչին մեռաւ,
Եւ միւսն ահաւոր ի յերկուցն հաւանութիւն
Մեծաջան բաղձանաւք մաղթէ:
Իսկ համաբարոյ միակամութեանն ցուցակ`
Առ ի զնոյն բարի ներգործել,
Որպէս հոգին` կենդանւոյն, եւ բանն` բանականին,
Պայծառութիւնն` փառացն, եւ կերպարանն` էութեանն:
Առ կեանսն` փոյթ, առ ողորմութիւնն` սթափ,
Առ ձեռնկալութիւնն` պատրաստ, առ փրկութիւնն` կազմ,
Առ առատութիւնն` յորդ, առ յաճախութիւնն` զեղուն,
Առ անբաւութիւնն` լի, առ աննուազութիւնն` փարթամ,
Առ երկայնմտութիւնն` ճոխ, առ անհասութիւնն` բարձրեալ,
Մի Երրորդութիւն կատարեալ` ի յանձանց երից, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն: 

Ա 
Աստվա՜ծ անսահման, անբացատրելի 
հարազատ ծնունդ միակ Աստուծո, 
Արարիչ բոլոր արարածների, Քրիստոս 
թագավոր, 
Լույս` խավարի մեջ` մթնած սրտերի. 
Մեզ հետ` մարդ կատարյալ և առաքչիդ 
հետ` իսկական Աստված, 
Որ մեր բնությամբ քոնն ես ծանուցում 
հրաշապես: 
Օրհնյա՜լ է Հայրդ երկնավոր և անճառ, 
Որ առաքեց քեզ երկնից և որին փառակից 
ես դու արարչությամբ. 
Տարագիր գերուս փրկության համար նա 
այնքա՛ն հոգաց, 
Որ մինչև անգամ քեզ մատնեց 
մարդկանց: Իսկ դու, որ կարող էիր առանց վշտի 
ավարտել խորհուրդը 
տնօրինության, 
Հաճեցար մահվան բաժակը ըմպել 
մեղապարտիս հետ` 
Անթերի մարդկությամբ և անպակաս 
աստվածությամբ: 
Եվ Սուրբ Հոգին քո կենդանարար, ինչպես 
որ քո, այնպես և իսկակից է Հորդ, 
Եվ էությամբ համապատիվ` ծնողիդ հետ և՛ 
ծնվածիդ: 
Մի Երրորդություն կատարյալ` 
անբաժանելի և անանջատ երեք 
դեմքով: 
Անսկիզբ և անժամանակ, բացարձակ բարերար, 
Համակ կենդանարար, ամբողջապես 
խաղաղարար, 
Ստեղծիչ գոյությանց և հորինող 
ամենայնի, 
Անքակտելիորեն և մի բնությամբ 
փառավորված: 

Բ 
Իսկ եթե գթած երկնավոր Հայրը հզոր` 
մեկն է էությունից` 
Մահապարտիս հանցանքների համար 
զոհաբերեց իր անքնին ծոցի 
ծնունդը միակ, 
Չխնայելով իրեն համապատիվ սիրելի 
Որդուն, 
Այլ կամովին նվիրեց նրան մահվան 
զենքերով չարչարողներին, 
Ըստ Զաքարիայի մարգարեության, 
Թե` «Պիտի զարթնի սուրը հովվի վրա, 
Եվ պիտի զարկվի հոտապետն ինքը, 
Ու ոչխարների հոտը ցրվիե, 
Ինչպես նախագրողի օրինակը նուրբ
 և ուխտը խորանի, 
Եվ նվիրումն արյան սպանդի, 
Եվ խորհուրդն աբրահամյան պատարագի, 
Որոնք կանխապես նկարագրեցին 
փրկությունն հեգիս` կեցուցչիդ 
 Ակնարկում է ամաղեկացոց դեմ պատերազմի 
միջոցին Մովսեսի բազկատարած կանգնելը, որը համարում 
է օրինակ` Հիսուսի խաչելության: 
 կամքով,– 
Ուրեմն էլ ինչո՞ւ ես տխրում, ա՛նձն իմ, 
Որ քո իսկ գործով և հոժարությամբ ես 
կործանվել դու 
Եվ ո՛չ Աստուծո կամեցողությամբ. 
Կամ ինչո՞ւ ես դու խռովում, սիրտս` 
Մտատանջվելով սատանայական 
հուսահատությամբ: 
Հուսա՛ Աստծուն և խոստովանիր, 
Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ` 
Դավթյան սաղմոսի և մարգարեի 
կենսախրախույս խոսքի համաձայն: 

Գ 
Իսկ ստեղծողի խնամակալության չափն 
ու եղանակը ավելի վեր է, 
Քան հրեշտակների և մարդկանց մտքի 
կշռության սահմանն, 
Ու թե բյուր անգամ կրկնվի` դարձյալ 
չափել չի լինի, 
Զի բարձրյալ Տիրոջ և՛ բավարարելն է 
անճառելի: 
Մանավանդ որ նա` մեկը օրհնված համագոյական Երրորդությունից` 
Ուղարկեց մյուսին այն օրհնաբանված, 
Որը և մեռավ ի հաճություն իր առաքչի 
կամքին: 
Մյուս երրորդն ահեղ երկուսի 
հավանությամբ 
Բարեմաղթում է մեծաջան բաղձանքով: 
Իսկ միևնույն բարի իրագործումների մեջ 
Նրանց համամիտ միակամության 
ապացույցներն են` 
Հոգին` կենդանու և բանը` բանականի, 
Պայծառությունը` փառքի և կերպարանքն` 
էությանը: 
Փույթ` ապրեցնելու, սթափ` ողորմելու, 
Օգնության ձեռք կարկառելու և փրկելու` 
պատրաստ, 
Առատատրությամբ` հորդ, շատությամբ` 
զեղուն, 
Անբավությամբ` լի, աննվազությամբ` 
փարթամ, 
Երկայնամտությամբ` ճոխ և 
անհասությամբ` բարձր,– 
Մի Երրորդություն կատարյալ եռանձնյա, 
Օրհնյալ հավիտյանս. ամեն: