ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Ը

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, զի՞նչ գործեսցես, անձն իմ կորուսեալ,
Կամ ո՞ւր թաքիցես, կամ զիա՞րդ ապրեսցիս,
Կամ ո՞րպէս ելցես ի մեղացդ բանտէ,
Քանզի բազում են պարտիքդ, եւ անթիւ` հատուցմունքն,
Սաստիկ կշտամբանքն, եւ անվախճան` նախատինքն,
Անողորմ են հրեշտակքն, եւ անկաշառ` դատաւորն,
Հզաւր` ատեանն, եւ անաչառ` բեմն,
Քստմնելի` սպառնալիքն, եւ անողորմ` հատուցմունքն,
Ահարկու` հրամանն, եւ մերկապարանոց` յանդիմանութիւնն,
Հրեղէն են գետքն, եւ անանցանելի` վտակքն,
Թանձրամած` խաւարն, եւ արտաքոյ այցելութեան` մառախուղն,
Ապականութեան է գուբն, եւ մշտնջենաւոր` տագնապն,
Ամենագրաւ է տարտարոսն, եւ անզերծ` սառնամանիքն:
Եւ արդ, արդարեւ քեզ են գանձեալ դառինքս այսոքիկ
Դժնդակք եւ տաժանելի աւթեւանք անըմբերելեացդ պատուհասից,
Ո'վ անարժան անձն իմ մեղաւոր, չարագործ, պոռնիկ,
Բազմաբիծ եւ սահման անդաստանի բնաւին անմաքրութեան:
Ահա զարդիւնս գործոց ձեռաց քոց ժառանգեսցես,
Թիւրեալդ ի յուղղութեանց եւ զառածեալդ ի մաքրութեանց,
Տարագրեալդ յարդարութեանց եւ ի կարգաց պարկեշտութեանց,
Ունայնդ ի լիութեանց հոգեպարգեւ հարստութեանց,
Նախանձարկու բարերարին եւ ամենակալ թագաւորին: 

Բ 
Եւ քանզի կառուցեր քեզ անել արգելան եւ անփախչելի որոգայթ`
Խոստովանեալդ քեզէն զանբժշկականդ քո վէր
Եւ զանաւրինակդ քո հարուած,
Վկայելով զանձինդ պարտական մահու զանբուժելիդ բեկութիւն,
Ո'չ չարդ ի բարեաց,
Ո'վ դառնութիւնդ ի քաղցրութեանց,
Ո'վ խաւարդ ի լուսազարմից,
Ո'վ կապտեալդ ի պճնելոց,
Ո'վ դսրովեալդ ի գովելոց,
Ո'վ ամբարիշտդ ի բարեպաշտից,
Ո'վ շնչականդ ի բանականաց,
Ո'վ անմիտդ ի մտաւորաց,
Ո'վ անհանճարդ յիմաստնոց,
Ո'վ անմաքուրդ յընտրելոց,
Ո'վ մահացուդ ի կենդանեաց,
Ո'վ խոհերականդ ի սրբոց,
Ո'վ արբշիռդ ի պարկեշտից,
Ո'վ կեղծաւորդ յարդարոց,
Ո'վ անպիտանդ ի պիտանեաց,
Ո'վ անարգդ ի փառաւորաց,
Ո'վ նուազդ յառաւելութեանց,
Ո'վ գերիդ ի գերագունից,
Ո'վ նուաստագոյնդ ի վեհից,
Ո'վ աղքատդ յընչեղաց,
Ո'վ անարժանդ ի փրկութեանց,
Ո'վ տնանկդ ի բարձրութեանց
Եւ ի հոգեւոր հարստութեանց
Եւ հատուածեալդ յաւրհնելոց:
Ա 
Արդ, ի՞նչ պիտի անես, ա՛նձն իմ 
կորուսյալ, 
Ուր պիտի թաքնվես, ինչպե՜ս ազատվես, 
Կամ ինչպե՜ս ելնես մեղքերի բանտից, 
Քանզի բազում են պարտքերդ և 
վճարելիքներդ անթվելի. 
Կշտամբանքը սաստիկ է, և նախատինքն` անվախճան. 
Հրեշտակներն անողորմ են, և դատավորն` անկաշառ. 
Ատյանն հզոր է, և բեմն` անաչառ. 
Քստմնելի են կշտամբանքներն ու 
հատուցումներն անողոք. 
Հրամանն ահարկու է, և հանդիմանությունները` 
մերկապարանց. Հրեղեն են գետերը, և վտակներն` 
անանցանելի. 
Խավարն է թանձրամած, և մառախուղն` 
անթափանցելի. 
Անճողոպրելի է գուբը, և տագնապը` 
մշտնջենավոր, 
Տարտարոսն ամենակուլ է, և 
սառնամանիքն` անզերծանելի: 
Եվ այս դառնությունները բոլոր քեզ 
համար են արդարև, 
Իբրև տաժանելի և դժնդակ օթևաններ` 
անտանելի պատուհասների, 
Ո՜վ դու անարժան ա՛նձն իմ մեղավոր, 
չարագործ, պոռնիկ, 
Բազմաբիծ և ամբողջապես 
անմաքրության անդաստան: 
Քո իսկ գործերի արդյունքն ես, ահա՛, 
ժառանգելու դու, 
Վրիպյա՛լդ ուղղությունից և խոտորյա՛լդ մաքրությունից, 
Հեռացել ես արդարությունից և 
պարկեշտության կարգուկանոնից. 
Ունա՛յնդ դու` հոգեպարգև 
հարստությունների լիությունից, 
Նախանձարկո՛ւդ ամենակալ և բարերար թագավորի:

Բ 
Եվ այսպես ահա՛ կառուցեցիր դու քեզ 
համար 
Արգելարան անել և որոգայթ անփախչելի, 
Ինքդ իսկ խոստովանելով, թե անբժշկելի են վերքերդ 
Եվ կրած հարվածներդ` անօրինակ, 
Հաստատելով, թե մահապարտ անձիդ 
բեկությունն է անբուժելի, 
Ո՜վ դու չարդ բարիների մեջ, 
Ո՜վ դու դառնությունդ քաղցրությանց մեջ, 
Ո՜վ խավարդ լուսազարմերի մեջ, 
Ո՜վ կողոպտվածդ պճնվածների մեջ, 
Ո՜վ պախարակվածդ գովվածների մեջ, 
Ո՜վ ամբարիշտդ բարեպաշտների մեջ, 
Ո՜վ շնչավորդ բանականների մեջ, 
Ո՜վ անմիտդ մտացիների մեջ, 
Ո՜վ անհանճարդ իմաստունների մեջ, 
Ո՜վ անմաքուրդ ընտրյալների մեջ, 
Ո՜վ մեռածդ ողջերի մեջ, 
Ո՜վ զազիրդ սրբերի մեջ, 
Ո՜վ արբշիռդ պարկեշտների մեջ, 
Ո՜վ կեղծավորդ արդարների մեջ, 
Ո՜վ անպիտանդ պիտանիների մեջ, 
Ո՜վ անարգդ փառավորների մեջ, 
Ո՜վ նվազդ առավելությունների մեջ, 
Ո՜վ գերիդ գերագույնների մեջ, Ո՜վ նվաստագույնդ վեհերի մեջ, 
Ո՜վ աղքատդ ունևորների մեջ, 
Ո՜վ անարժանդ փրկվածների մեջ, 
Ո՜վ տնանկդ բարձրերի և հոգեպես 
հարուստների մեջ, 
Եվ բաժանվածդ դու օրհնվածներից: