ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Ողորմած Աստծուդ վերակրկնելով իմ պաղատանքները՝ խնդրում եմ եւ մեր ազգի մնացորդի, այսինքն՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցականների եւ ամբողջ մեր ժողովրդի համար, որոնց ցայսօր հաստատուն եւ բարեկարգ ես պահել: Մեծ թախանձանքով աղաչում եմ, որ հետ այսու եւս Քո սուրբ անվան փառքի համար, խնամքիդ տակ պահես: Մի՛ նայիր իմ մեղքերին ու անարժանություններին, այլ նայի՛ր Քո անսպառ սիրուդ եւ անբավ մարդասիրությանդ, եւ ըստ իմ սխալական բնության եւ տկար մտքի, ինչ որ խնդրում եմ, Դու կատարի՛ր իմ խնդրանքը Քո ամենագետ եւ անսխալ իմաստությամբ, Դո՛ւ որ ավելի լավ գիտես մեր պետքերն ու օգուտները, քան մենք, որ խնդրում ենք եւ գիտենք: 

Արդ, նախքան իմ խնդրելը՝ իբրեւ աղերս, Քո՝ իմ Աստծուդ առաջ դնելով գլխավոր եւ մեծամեծ բարերարություններդ, որոնք արել ես հատկապես Հայոց Ազգիս, հիշում եմ մեծ շնորհակալությամբ, որովհետեւ եթե ոչ մեր արժանավորության համար, գոնե նրանց խնայելով գթաս մեզ եւ ողորմես:
Արդ, նախ հիշեցնեմ Քեզ, Ո՛վ Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո կերտած ու հաստատծ Աթոռը՝ հավատքի եւ հոգու մեր ծնող Սուրբ Էջմիածինը, որը Քո իջմամբ հիմնարկեցիր, Քո աստվածային լույսով ձեւակերպեցիր, որպես ամենիմաստ ճարտարապետ կառուցեցիր եւ հաստատեցիր: Սուրբ Էջմիածինն եմ ասում, որը որպես միակ պայծառագույն արեգակ՝ ծագեցրեցիր Արարատյան դաշտի վրա, եւ որպես միակ լուսատու եւ պատվական ակն՝ փայլեցրեցիր Վաղարշապատ քաղաքի վրա: Այն իբրեւ Քո անսպառելի շնորհների միակ շտեմարան՝ կառուցեցիր Հայկազյան ազգի մեջ եւ իբրեւ հոգեպարար պարգեւների միակ մշտաբուխ աղբյուր՝ բխեցրեցիր Թորգոմյան վիճակի համար, որով ցանկալի եւ նախանձելի դարձրեցիր նրան բոլոր ազգերի եւ երկրների աչքում: Այս միակ, գերազանցագույն եւ անհամեմատ պարգեւը առանձնահատուկ սիրով մեզ՝ հայ ազգիս եւ Քո փոքր հոտիդ շնորհեցիր: 
Եվ ոչ միայն այս, այլեւ բազում եղանակներով, հատուկ սիրով ուրիշ ազգերի մեջ առանձնացրեցիր մեր ազգը, որովհետեւ թեպետ յուրաքանչյուր ազգ եւ ժողովուրդ Աթոռներ եւ եկեղեցիներ ունեն, սակայն նրանք լուսաձեւ եւ աստվածակերտ չեն Սուրբ Էջմիածնի մեր Աթոռի պես: 

Ուրիշ հավատացյալ ազգերի հովվապետերն ու լուսավորիչները թեպետ սուրբ են, սակայն տասնհինգ տարի բազմատեսակ չարչարանքների փորձության բովով չեն մաքրվել, պարզվել եւ մահից ազատվել, ինչպես մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Թեպետ ուրիշ ազգեր անմարմին եւ աստվածային Բանի մարմնացուցիչ՝ գիր եւ տառ ունեն, սակայն մեր գրերի նման հատուկ Քեզանից չեն շնորհված եւ Քո մատով չեն գծված: Թեպետ բազում ազգերի կանչեցիր դեպի Քեզ եւ հավատացյալներ դարձրեցիր, սակայն Քո սրբազան առաքյալների եւ աշակերտների քարոզությամբ եւ վարդապետությամբ այդ արեցիր, իսկ Հայոց Ազգին (որ հատուկ սիրելի էր Քեզ) չբավարարվեցիր աշակերտներով եւ քարոզությամբ Քոնը դարձնել, այլ, կարծես թե անաշխատ եւ ամենակարող Աստվածդ, աշխատեցիր եւ այնքան հոգացիր, մինչեւ որ բռնությամբ եւ անօրինակ հրաշքներով դեպի Քեզ կանչեցիր եւ Քեզ սեփական ժողովուրդ դարձրեցիր: Ուրիշ ազգերի վրա թեեւ թագավորներ եւ մարմնավոր իշխողներ կարգեցիր, սակայն մեզ՝ Հայոց Ազգի եւ Քո փոքր հոտի համար Դու Ի՛նքդ եղար Թագավոր, Տեր եւ Իշխան՝ ավանդելով մեզ, թե՝ «Իմ եւ յուրայիններիս թագավորությունն այս աշխարհից չէ», եւ ըստ Քո հարազատ սուրբ Պողոսի՝ «Ովքեր քրիստոնյա են, իրենց մարմինները խա՛չ պիտի հանեն»: Եթե այլազգիների ձեռքով երբեմն տանջում եւ խրատում ես մեզ, այն եւս Քո հայրական եւ հատուկ սիրո նշաններն են, որովհետեւ ում սիրում ես, խրատում եւ հանդիմանում ես, որոնք Քո հատուկ եւ գերազանցագույն սիրո եւ գթության նշաններն ու քարոզներն են, որ ունես մեր խեղճ Հայոց Ազգի հանդեպ: Հիրավի, Ո՛վ Տեր իմ, ինչպես մեր հանդեպ վարվեցիր, ուրիշ ազգերի եւ ժողովուրդների հետ նույնկերպ չվարվեցիր: Արդ, Քո այսքան բարերարությունների փոխարեն ոչինչ չունենք Քեզ հատուցելու, այլ միայն շնորհակալությամբ հանդերձ հավիտյանս հավիտենից փառք եւ գոհություն պիտի մատուցենք Քեզ՝ անկարոտ Աստծուդ:

Արդ, որ ավելի մեծ եւ ավելի գերազանց գործեր արեցիր, փոքրերն ու ավելի դյուրինները մի՛ խնայիր մեզանից, Ո՛վ բարերար եւ ողորմած Աստված։ Քեզ համար ամեն ինչ հնարավոր է եւ դյուրին: Ուրեմն, աղաչում եմ Քեզ, Ո՛վ բարերար եւ ողորմած Աստված, քո հաստատած մեր Աթոռը եւ Մայրը՝ Սուրբ Էջմիածինը (որը իբրեւ հատուկ փառք, պարծանք եւ մխիթարություն մեզ՝ հայ ազգիս եւ լուսավորչակրոն հոտիս շնորհեցիր), ըստ Քո անսուտ խոստման, անխախտելի վեմիդ վրա հաստատուն եւ անշա՛րժ պահիր: Ի մխիթարություն, ի զվարճություն մեզ եւ մեր եկեղեցիների մինչեւ աշխարհի վերջը Քո Սուրբ Հոգու մշտազեղ եւ հոգեպարար շնորհներն անպակա՛ս արա նրանից: Նրան, որ հաստատել ես մեր մեջ, Քո սուրբ անվան փառքի համար օրըստօրե զորացրո՛ւ, պայծառացրո՛ւ եւ փայլեցրո՛ւ երկրի բոլոր ծագերում: Քո ճշմարիտ խոստումի համաձայն՝ Քո ոտքերի սուրբ Տեղը բոլորի աչքերում միշտ փառավորի՛ր: Փշրի՛ր Քո ամենակարող զորությամբ եւ խորտակի՛ր նրանց, ովքեր կհարվածեն այն վեմին: Կուրացրո՛ւ նրանց աչքերը, ովքեր նենգությամբ նայում են նրան: Զարդարուն եւ պե՛րճ պահիր նրան միշտ քո ընտրած Հայրապետներով, շնորհափայլ եպիսկոպոսներով եւ վարդապետներով եւ բոլոր հավատացյալներով: Ներկա մեր Հայրապետին (ասել անունը)՝ Կաթողիկոսին, Քեզ հաճելի նրա բոլոր գործերում եւ ընթացքներում ամեն ժամ օգնական եւ ձեռնհաս եղի՛ր: Քո սուրբ տան պայծառության եւ Քո ծառաների մխիթարության համար նրան երկար տարիներ խաղաղությամբ պահի՛ր:

Մեր Սուրբ Աթոռի հետ պահի՛ր նաեւ մեր մյուս բոլոր վանքերն ու եկեղեցիները՝ առաջնորդներով, վարդապետներով, քահանաներով եւ իշխաններով, ժողովրդով եւ նրանց բոլոր հավատացյալներով հանդերձ, շինության, բարեկարգության եւ խաղաղության համար՝ զերծ եւ անաղարտ բոլոր օտար եւ մոլոր աղանդներից: Քո ամենահաղթ զորության սուրբ Խաչի անպարտելի նշանը, երկնային զինվորությունների բանակները եւ Քո բոլոր սրբերի դասերը մեր եկեղեցիների եւ նրա հավատացյալների վրա ողջ գիշեր եւ ողջ ցերեկ պահապան կարգի՛ր եւ փրկի՛ր բոլոր հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից եւ փորձություններից, որպեսզի նրանց մեջ Քո անունը հավիտյանա փառավորվի:

Տե՛ր Աստված մեր, մեր հոգեւոր հովիվներին եւ առաջնորդներին քո իմաստությունը, հեզությունն ու խոնարհությունը տո՛ւր, որպեսզի կամքիդ համաձայն Քո հոտը հովվելով, Հովվապետիդ երեւալու ժամանակ համարձակությամբ կարողանան ասել՝ ահա ես եւ իմ հավատացյալները, եւ Քեզանից փառքի պսակը ընդունել: Նրանց զորությամբ եւ արիությամբ սպառազինի՛ր, որպեսզի կարողանան դիմակայել ոչխարամորթ գայլերին եւ մեր եկեղեցիների ու հավատքի ապականիչներին: Մեր քահանաներին զգաստություն եւ մաքրություն տո՛ւր, որպեսզի կարողանան արժանապես ծառայել Քո սուրբ խորհրդին եւ լինել համարձակ միջնորդ Աստծուդ եւ ժողովրդի՝ նրանց աղոթքը մատուցելու Քեզ եւ Քո ողորմությունն իջեցնելու նրանց մոտ, որոնք էլ Քո կամքի համաձայն շահելով Քո տված մնասը՝ Քեզանից բազմապատիկն առնեն: Տե՛ր, սարկավագներին, դպիրներին, մեր եկեղեցիների ողջ հավատացյալներին պարկեշտություն եւ ուսման սեր պարգեւի՛ր, որպեսզի յուրաքանչյուրը, ինչ կոչման կանչված է, նրանում անարատ մնա, արժանապես ծառայի Քո Սուրբ Եկեղեցուն եւ Քո կողմից կոչվի բարի, ազնիվ եւ հավատարիմ ծառա: Տե՛ր, Քո փառքի եւ հաճույքի համար ընդունի՛ր աշխատավորների արդյունքը եւ Քո Սուրբ Եկեղեցուն տրվող նվերները, եւ նրանց փոխարենը ըստ հոգու եւ ըստ մարմնի բազմապատիկը տո՛ւր եւ արժանի՛ արա այն երանությանը, որ ողորմածներն են ժառանգում:

Տե՛ր, մեր ժողովրդի իշխաններին եւ գլխավորներին Քո հանդեպ բարեպաշտություն եւ սերտ հավատ, միմյանց հանդեպ՝ սեր եւ միաբանություն, աղքատների ու փորձանքի մեջ եղողների հանդեպ՝ գութ եւ խնամածություն տո՛ւր: Քաղցր եւ սիրելի դարձրո՛ւ նրանց բոլոր իշխողների եւ բռնավորների աչքում, որպեսզի Քո Եկեղեցուն պարծանք եւ ուրախություն լինեն, հասարակությանը՝ ձեռնտու եւ մխիթարություն, հաճելի ծառաներ Քեզ եւ Քեզնից Քո բոլոր սրբերի հետ վարձ ստանան:

Տե՛ր, հիշի՛ր մեր ամբողջ ազգին՝ Քո փոքրիկ հոտին, ամենքին, ուր էլ որ լինեն՝ մեծերին եւ փոքրերին, տղամարդկանց եւ կանանց. եւ Քո մեծ ողորմածությամբ այցելի՛ր բոլորին: Թո՛ղ բոլորը սիրով եւ խաղաղությամբ, լուսավորչավանդ հավատով եւ առաքինի գործով, ապահով կյանքով եւ բարվոք կենցաղավարությամբ ապրեն: Բոլորին ձեռնտու եւ օգնական եղի՛ր ամեն ժամանակ՝ ննջելիս եւ արթնանալիս, տանը եւ ճանապարհին, ծովում եւ ցամաքում, առնելիս եւ տալիս, աշխատելիս եւ վաստակելիս, եւ նրանց բոլոր օգտակար եւ անմեղածին գործերը հաջողի՛ր ու բարի ավարտի հասցրո՛ւ:

Այլեւ հիվանդներին եւ ցավագարներին առողջացրո՛ւ, տրտմյալներին եւ վշտացածներին սփոփի՛ր եւ ուրախացրո՛ւ: Բանտարկյալներին եւ գերյալներին ազատի՛ր: Տկարներին փրկի՛ր: Կարիքավորների հոգեւոր եւ մարմնավոր կարիքները բավարարի՛ր: Բոլոր անճարներին եւ անօգնականներին օգնության հասի՛ր եւ այցելի՛ր: Մեղքի մեջ անդարձներին եւ համառներին դարձրո՛ւ իրենց չար ճանապարհներից եւ Քո մեծ ողորմությամբ բոլորին ողորմի՛ր եւ խաղաղության մեջ պահի՛ր, որպեսզի բոլորին ողորմելով ՝ միշտ բոլորից փառավորվես: 

Այլեւ խնդրում եմ Քեզանից, Տե՛ր եւ Աստված իմ, որպեսզի ամբողջ աշխարհին խաղաղություն տաս, թագավորներին՝ հաշտություն, ենթականերին՝ սեր եւ հնազանդություն, քաղաքներին, գավառներին եւ գյուղերին՝ շենություն եւ ապահովություն, այգիներին եւ անդաստաններին՝ պտղաբերություն, եւ բոլոր բարիքներին՝ լիություն եւ առատություն: Այլեւ Քո ողորմածությամբ ամբողջ աշխարհից եւ ազգերից եւ մանավանդ Հայոց Երկրից եւ ազգից ողջ ցասումն ու զանազան ձախորդությունները՝ հիվանդություններն ու պես-պես ցավերը, սովը, սուրը, մահտարաժամը եւ մյուս բոլոր վշտաբեր ու վնասաբեր պատահարները, որոնք Քո ամենազոր հրամանով շարժվելով մեր մեղքերի համար գալիս են մեզ վրա, վերացրո՛ւ, որպեսզի ամեն ինչում եւ ամենքի մեջ Քո անունը փառավորվի հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սիմեոն Երեւանցի

ԱՂՈԹՔ ՈՂՋ ԱԶԳԻ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս, ես՝ ամենասխալ, բազում չարիքներով եւ անօրինությամբ լցված Քո ծառան, կորագլուխ անձով խոնարհված եւ մեծակական ողբով ի խորոց սրտի հառաչում եմ ամենագթածդ Աստծուն եւ աղաչում: Մեր ողորմելի եւ անտերացած ազգի համար Քեզ եմ կանչում, Ո՛վ ողորմելիներին ողորմող եւ անտերների Տեր, անճարների ճար, անօգնականների օգնական, անհույսների հույս ու ապավեն, նեղյալների եւ վշտացածների հանգիստ ու մխիթարություն: 

Մեծ թախանձանքով առ Քեզ եմ գոչում. բացի՛ր, Տե՛ր, Քո աչքերը եւ տե՛ս մեր ողորմելիությունը, տե՛ս, թե Քո փոքրիկ հոտն ինչպես է ցրվել եւ տարագրվել ամբողջ աշխարհով, մատնվել օտար տերերի եւ թշնամիների ձեռքը, զրկվել իր բնակության բնիկ տեղերից ու հայրենիքից: Ա՛խ, նրանք նման են ծովի ալիքների վրա առանց ղեկավարի ղեկաբեկ տատանվող նավի եւ անապատում առանց հովվի մոլորված ոչխարների, ո՛չ Մովսես ունեն, որ առաջնորդի, եւ ո՛չ էլ Հեսու, որ թշնամիների դեմ ելնի: Ո՛չ Դավիթ ունեն, որ նրանց համար հաճելի պատարագ մատուցի Քեզ եւ Քո բարկության սուրը ետ դարձնի: Մարգարե, թագավոր, իշխան եւ առաջնորդ չկա, եւ ո՛չ էլ որեւէ այլ տեղից օգնություն ունեն:

Մեր իշխաններն ու ազատազունները, ունեցվածքից եւ իշխանությունից զրկված եւ ուրիշների իշխանության տակ ընկած, ծառայում են ողորմելիաբար: Մեր հասարակ ժողովուրդը, այլազգիների ծանր լծի եւ հարկի տակ, իր կյանքի ապրուստը հազիվ է հայթայթում եւ գտնում, երբ ուրիշներն են ուտում եւ վայելում նրանց սերմանածն ու վաստակածը: Քո անվամբ եւ Քո սիրելի սրբերի հիշատակին կառուցված, Սուրբ Հոգուդ օծմամբ կնքված եւ ամենահաղթ Խաչիդ նշանով պսակված վայելչագեղ եկեղեցիներն ու պայծառաշեն վանքերը, որոնց մեջ Աստծո Գառն էր աշխարհի փրկության համար պատարագվում, որոնց մեջ Քո սրբագործ եւ հոգեկեցույց խորհուրդներն էին կատարվում, որոնցից օրհնությունների եւ փառաբանությունների ձայներ, հոգեւոր բուրմունք, հաճելի ընծաներ եւ հաշտարար աղոթքներ էին վերառաքվում, ահա՛, մեծ մասամբ ամայացել են եւ ապականվել, գողերի եւ գազանների օթեւան դարձել: 

Հիրավի, թշնամին Քո փափագածի հանդեպ ոտնձգություն արեց: Հեթանոսները մտան Քո ժառանգությունը եւ պղծեցին Քո սուրբ տաճարը: Նրանց սրահներն ու սրբությունները ապականություն դարձան, նրանց ճանապարհները սգավոր դարձան, նրանց տարեկան տոների երթեւեկը դադարեց: Լռեցին նրանցից ելնող օրհնությունների եւ փառաբանություննե րի ձայները: Այնտեղ գազաններն ու հափշտակողներն են ելումուտ անում: Սքանչելի դամբարաններն ու նրանց մեջ գտնվող Քո սրբերի բժշկարար նշխարները անսուրբերի եւ պիղծերի ոտքերի կոխան են դարձել: Դրանց քահանաներն ու պաշտոնյաները հալածվել եւ ամենուր փախստական են դարձել, շատերն էլ գերվել, սպանվել եւ անհայտ կորել: 

Ուստի մենք՝ մնացածներս, մեր դրացիների համար նախատինք եղանք եւ թշնամիների կատակներում ծաղրի ենթարկվեցինք: Արդ, այս բոլորը մեզ վրա եկել եւ գալիս են մե՛ր մեղքերի պատճառով: Քանի որ մեղանչեցինք, անօրինացանք, եւ ապստամբեցինք Քո դեմ, այդ պատճառով էլ Դու թույլ տվեցիր, որ բոլոր այս չարիքները գան մեզ վրա, տիրեն մեզ եւ մատնեն թշնամիների, ապստամբ տերերի ձեռքը, այնպես որ մեր մեղքերի համար ամբողջ երկրում տառապում ենք այսօր: 

Ուրեմն, Քեզ, մեր Աստծուն՝ արդարություն, իսկ մեր երեսներին՝ ամոթ: 
Արդ, այժմ ո՞ւմ պիտի դիմենք, Տե՛ր Աստված մեր, եւ ո՞ւմ պիտի պատմենք մեր ցավերը, եթե ոչ նույն Բարկացողիդ, որ ինչպես արդարությամբ խրատեցիր եւ պատժեցիր մեզ, նույնպես կարող ես նույն ողորմությամբդ վերստին բժշկել եւ մխիթարել:
Դրա համար ահա, ընկնում եմ անոխակալ Աստծուդ առաջ, եւ անառակ որդու պես գոչում. մեղանչել ենք երկնքի եւ Քո առաջ, մեղանչել ենք Ստեղծողիդ առաջ, մեղանչել ենք Քո, մեր Բարերարիդ եւ Աստծուդ առաջ: Աղաչում եմ Քեզ, անոխակալ Աստված, հրաժարվի՛ր Քո բարկությունից եւ Քո ցասումից, մի՛ հիշիր մեր առաջին մեղքերը, Քո ողորմությունը շուտափույթ թող գա մեզ վրա, որովհետեւ շատ ենք աղքատացել:


Զարթնի՛ր, Տե՛ր, զարթնի՛ր, արի՛ եւ մի՛ մերժիր մեզ իսպառ: Մի՛ մոռացիր մեր աղքատությունը եւ նեղությունները: Արի՛, Տե՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ Քո անվան համար, որ դրված է մեզ վրա: Հանուն Քո անվան՝ իսպառ մի՛ մատնիր մեզ, մի՛ դրժիր Քո ուխտը եւ մի՛ հեռացրու Քո ողորմությունը մեզանից, որովհետեւ Դու ես միայն մեր Տեր եւ Թագավոր, Դու ես միայն մեր Փրկիչն ու օգնականը, Դու ես միայն մեր ապավենն ու հույսը, որովհետեւ Քեզանից բացի որեւէ մեկին չենք ճանաչում եւ հանապազ Քո անունն ենք տալիս: 

Տե՛ս մեր ազգի տառապանքները, օգնության հասի՛ր եւ այցելի՛ր: Եվ ինչպես Աբրահամի, Իսահակի, Հակոբի եւ Քո Դավիթ ծառաների համար գթում էիր հին ժողովրդին, այժմ էլ Քո անարատ ծնող Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Քո Մկրտչի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի, Քո սուրբ առաքյալների եւ մարգարեների եւ մեր Թադեոս ու Բարդուղիմեոս սուրբ առաքյալների եւ հատուկ մեր լուսավորիչների, Սուրբ Գրիգոր բազմաչարչար Քո վկայի եւ նրա ընտրյալ որդիների, թոռների ու ծոռների, սուրբ Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի, այլեւ սուրբ հայրապետների ու վարդապետների, ճգնավորների, մարտիրոսների, կույսերի եւ Քո բոլոր հին ու նոր, հայտնի եւ անհայտ սրբերի բարեխոսությամբ, այլեւ Քո երկնավորների՝ Գաբրիելի եւ Միքայելի եւ ամբողջ անմարմին դասերի բարեխոսությամբ գթա՛ Քո նոր ժողովրդին եւ փոքր հոտին: Որովհետեւ եթե մեր բազում մեղքերի եւ անօրինությունների պատճառով առժամանակ թողեցիր մեզ, երեսդ դարձրեցիր մեզանից եւ Քո պատվական Արյան համար տրտմեցիր, ապա նաեւ Քո սիրելիների արդարության համար դարձի՛ր եւ Քո մեծ ողորմությամբ ողորմի՛ր մեզ, ցո՛ւյց տուր Քո երեսը եւ ուրախացրո՛ւ մեզ, ինչպես ասացիր Եսայի մարգարեի միջոցով.

«Լսելի՛ արա մեզ երանավետ ձայնդ, լուսավորի՛ր Հայաստանյայց Եկեղեցիդ եւ ուրախ եղի՛ր, որովհետեւ հասել է Քո լույսը: Ահավասիկ խաղաղությունը իբրեւ գետ դարձնում եմ դեպի քեզ եւ քո մանուկներին իրենց ուսերի վրաբարձրացրած հեռուներից կբերեն» (հմմտ. Ես. 60): Հիրավի, այսպիսի Ամենակարող Աստծո ողորմությանն ենք մնացել ապավինած, ողորմա՛ծ Աստված: Ուրեմն, հաշտվի՛ր Քո մնացած ժողովրդի հետ: Փրկի՛ր մեզ մեծ հրաշքներով, ժողովի՛ր մեզ Քո սիրո գոգը եւ մխիթարի՛ր մեզ Քո սուրբ անվան փառքի համար, որ դրել ես մեզ վրա:

Այլեւ աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, մեր ամայացած եւ անշքացած վանքերի ու եկեղեցիների համար: Լսի՛ր մեզ, որ ահա նեղված սրտով դիմում ենք Քեզ: Մի՛ հիշիր մեր մեղքերը, որով բարկացրեցինք Քեզ, այլ հիշի՛ր Քո սրբերին, որոնց անուններով կառուցվեցին մեր եկեղեցիները, հիշի՛ր նրանց սուրբ եւ մաքուր նշխարները, որոնք ամփոփված են նրանց մեջ, եւ սրբությունները, որոնց վրա Քո անունն է գրված: Ոչ թե իմ արդարության համար եմ այս աղերսներն ուղղում Քեզ, այլ Քո բազում գթության եւ Քո սիրելի սրբերի ու սրբությունների սիրո համար: Աղաչում եմ Քեզ, ողորմած Աստված, գթած Աստված, Քո անհուն ողորմության համար, ի սեր Քո սուրբ եկեղեցիների եւ սրբությունների, Քեզ հաճելի սրբերի բարեխոսությամբ եւ նրանց չարչարանքների, պատվական Արյան, մաքուր նշխարների եւ դամբարանների միջնորդությամբ ողորմի՛ր եւ այցելի՛ր մեզ: Ինչպես տառապեցրեցիր Քո բարկությամբ, նույնպես բժշկի՛ր եւ մխիթարի՛ր Քո ողորմությամբ: Որովհետեւ ինչպես մեր մեղքերի պատճառով մեր աչքերը ամայություն եւ ապականություն տեսան, այնպես էլ, հանուն Քո սիրելի սրբերի, վերստին տեսնելու արժանացրու նրանց վերանորոգությունն ու պայծառությունը: Եվ ինչպես որ նրանցից դադարեցին եւ լռեցին օրհնության եւ փառաբանության ձայները, այնպես արա, որ Քո անվան փառքի համար վերստին զորանան եւ բարձրանան, որպեսզի բոլորն իմանան, որ Քո անունը դրված է մեր եւ նրանց վրա, որը եւ մենք տեսնելով ՝ փառք եւ գոհություն առաքենք դեպի երկինք՝ Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:


Սիմեոն Երեւանցի

ՇՆՈՐՀԵԱ ՄԵԶ, ՏԷՐ (հատված)

Շնորհիր մեզ, Տեր,
այս գիշեր քո երկնային խաղաղությունն ու
քո Սուրբ Խաչի ամենահաղթ զորությամբ պահիր մեզ թշնամական պատրանքներից։

Իմ փրկության Տեր Աստված, գիշեր-ցերեկ աղաչում եմ քեզ.
թող աղոթքներս առջեւդ ընդունելի լինեն, ականջալուր եղիր դրանց
Քո պաշտպանությունը թող մեզ վրա լինի։

Սուրբ Խաչիդ զորությունն առաքիր, որ ամեն ժամ պահպանի մեզ։
Արժանի արա, Տեր, այս գիշերը խաղաղությամբ անցկացնելու եւ առանց մեղքերի պահիր մեզ։
Մեզ հետ է մեր Տեր Աստվածը, իմացեք անհավատներ եւ դուք պիտի պարտվեք, քանզի Աստված մեզ հետ է։

Եւ այս պիտի լսեք աշխարհի բոլոր ծագերում, որ Աստված մեզ հետ է։
Եւ հզորացյալներդ պիտի պարտվեք, քանզի Աստված մեզ հետ է։
Եւ թեկուզեւ դարձյալ զորանաք, դարձյալ պարտության եք մատնվելու, քանզի Աստված մեզ հետ է։
Եւ այն չարամտությունները որ խորհում եք, խափանում է Տերը, քանզի Աստված մեզ հետ է...
Եւ փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն
Այժմ եւ միշտ եւ հավիտյանս, հավիտենից ամեն


(Հատված Խաղաղական ժամերգությունից)
Երգի հեղինակ` Սուրբ Ներսես Շնորհալի

Լսել շարականը

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՂՈԹՔ

Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհարեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը:
Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի:
Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք,
Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ:
Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ:
Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ:
Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին:

«Տէր Աստուած մեր, տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… 
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ» (Ժամագիրք):

Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները:
Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:

Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված:
Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում:
Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:

Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան:
Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի:
Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:


Հեղինակ՝ Տ. Նավասարդ Արք. Կճոյան

ՀՐԱԺԱՐՈՒՄ ՍԱՏԱՆԱՅԻՑ


Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա և յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք:
Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար սպասավորներից, նրա չար կամքը կատարողներից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք:









Հրաժարումն արտասանվում է 3 անգամ, եկեղեցիներում՝ դեմքով դեպի արեւմուտք, ձեռքերը ցած իջեցված, ձեռքի ափերը դեպի դուրս

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂԻ ՍԱՂՄՈՍ

 Տե՛ր, քեզ հուսացի, չեմ ամաչի հավիտյան։
Փրկի՛ր ինձ ու ապրեցրո՛ւ քո արդարությամբ,
Քո ականջը խոնարհեցրո՛ւ ինձ և փրկի՛ր ինձ։
Ապավե՛ն եղիր ինձ համար և ամրապես հաստատի՛ր ինձ, Աստվա՛ծ,
Որովհետև իմ հույսն ու ապավենը դու ես։
Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղավորի ձեռքերից,
Անօրենի և անիրավի ձեռքերից։
 Քանզի դու ես իմ համբերությունը, Տե՛ր,
Տե՛ր, իմ հույսն ես մանկությունիցս ի վեր։
 Քեզ վստահեցի ես արգանդից,
Դու ես իմ ապավենը մորս որովայնից,
Քեզնից է իմ օգնությունը հանապազ։
 Ես ինչպե՜ս շատերի ծաղրանքը դարձա,
Իսկ դու իմ օգնականն ու զորացնողը եղար։
Թող գովաբանությամբ լցվի բերանս,
Որպեսզի շարունակ օրհնեմ քո փառքը
Եվ մեծ վայելչությունը։
 Ինձ մի՛ լքիր ծերության ժամանակ, Տե՛ր,
Ուժս պակասելու ժամանակ մի՛ թող ինձ։
 Իմ թշնամիները և նրանք, որ պաշարեցին հոգիս,
Խորհելով մեկտեղ, ասացին.
«Աստված լքեց նրան, հալածենք և բռնենք նրան,
Քանզի նրան փրկող չկա»։
 Աստվա՛ծ իմ, մի՛ հեռացիր ինձանից
Եվ ինձ օգնությա՛ն հասիր, Աստվա՜ծ։
 Թող ամաչեն ու ձախողվեն անձիս չարախոսողները,
Թող ամոթ ու պարսավանք կրեն ինձ չար կամեցողները։
Ես մշտապես պիտի հուսամ
Եվ ամեն բանի մեջ բազմացնեմ քո օրհնությունը։
Բերանս պիտի պատմի քո արդարությունը
Եվ ամեն օր՝ քո գովքը։
Ես մարդկային ճարտար դպրություն չգիտեմ.
 Ես պիտի մտնեմ Տիրոջ զորության ներքո
Եվ քո արդարությունը, Տե՜ր, միայն հիշեմ։
Աստվա՛ծ իմ, ինձ կրթեցիր իմ մանկությունից ի վեր,
Եվ հիմա էլ քո արդարությունը պիտի պատմեմ։
Մինչև ճերմակելն ու ծերանալը մի՛ լքիր ինձ, Աստվա՛ծ.
Մինչև ամեն եկող սերնդի պատմվեն գործերը բազկիդ։
Մինչև բարձունքներ են հասնում քո զորությունն ու արդարությունը։
 Նաև մեծագործություններդ.
Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման։
Թեպետ բազում նեղություն
Եվ չարչարանքներ ցույց տվեցիր ինձ,
Դարձյալ մխիթարեցիր ինձ
Եվ երկրի խոր անդունդներից հանեցիր ինձ։
Հաճախ ցույց տվեցիր քո զորությունը,
Դարձյալ մխիթարեցիր ինձ
Եվ դարձյալ հանեցիր ինձ
Երկրի խոր անդունդներից։
 Եվ արդ, ես պիտի վկայեմ քո մասին
Սաղմոսների պատրաստությամբ,
Ճշմարի՛տ Աստված,
Սաղմոս պիտի երգեմ քեզ օրհնությամբ,
Սո՛ւրբդ Իսրայելի։
Երբ սաղմոս երգեմ քեզ, շրթունքներն իմ պիտի ցնծան
Եվ հոգիս, որ դու փրկեցիր։
 Լեզուս ևս պիտի միշտ խոսի քո արդարությունից։
Ժամանակին պիտի խայտառակվեն
Եվ ամոթահար լինեն իմ դեմ չար խորհողները։

Փառք Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն
Այժմ եւ միշտ եւ հավիտյանս. ամեն։


«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԵՂԲԱՐՑ ՄԵՐՈՑ ԳԵՐԵԼՈՑ»

Լսել 70-րդ սաղմոսը Կանոնագլխային երգեցողությամբ
 այստեղ