ՊԱՀՊԱՆԻՉ ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԿԻՊՐԻԱՆՈՍԻ

Հանուն Հոր, եվ Որդու եվ Սուրբ Հոգու. Ամեն

Երկնքի բարձունքներում Աստծուն փա՜ռք, երկրին խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն: Աստված ստեղծեց Կիրակին՝ (Հարության օրը) և այն օրհնեց ու սրբացրեց: Իրենով ստեղծվեց ամեն բան, ինչ որ կա, թե երկնքում, թե երկրի վրա: Նա բազմաթիվ հրաշքներ կատարեց և Իրենով ամբողջացրեց արդար ու բարի գործերը, Իր ամենազոր կարողությամբ ջնջեց չարի բոլոր գործերը: Նա ստեղծեց երկինքն ու երկիրը և ինչ որ կա նրա մեջ: Ե՜ս, Կիպրիանոսս՝ այժմ կենդանի Աստծո անարժան ծառան, ինքնքկամ հոժարությամբ ուխտեցի ու նվիրվեցի արդարության միակ Աստծուն՝ տիեզերքի վեհագույն Բարձրյալին և հավիտյանս հավիտենից ապրող Հիսուս Քրիստոսին։

Ով իմ Աստված, Դու ճանաչում ես ինձ՝ անարգ ու անարժան ծառայիդ չար գործերը, որովհետև նախքան աստվածային լույսովդ լուսավորվելս, ես ամբողջովին ենթակա էի չար սատանային և նրա պիղծ ու կործանարար խորհուրդներով էի առաջնորդվում: Քեզանից հեռացած լինլուս պատճառով, հալածում էի բոլոր Քեզ հավատացողներին. այլ խոսքով ասած, ես՝ թշվառս, կատարելապես Քո թշնամին էի: Իմ զազրելի և ատելի գործերի պատճառով ո՜չ երկինքն էր իր անձրևը տեղում և ոչ էլ երկիրն էր իր պտուղները տալիս: Բայց երբ աստվածային լույսդ իմ վրա ծագեց և երկնային շնորհդ ողողեց ինձ, անմիջապես Քեզ դարձա ու խոստովանեցի Քո աստվածությունդ և հավատացի սուրբ Օրենքիդ: Արդ, հիմա ո՜վ Տեր, աղաչում եմ, ներիր Քո դեմ գործած իմ բոլոր մեղքերը և անտեսիր նախկին տգիտությունս և անմտությունս:

Եվ այժմ զղջումով, ապաշխարհությամբ ու Քեզ դառնալով, Ո՜վ մարդասեր Աստված, Քո Հայրական ներումն եմ խնդրում մեղավորիս հանդեպ: Ո՜վ բարերար Տեր, աղաչում ու խնդրում եմ, որ աստվածային Քո զորությամբ պահպանես նաև բոլոր նրանց, որոնք այս աղոթքը կկարդան, կամ կլսեն ու կկրեն իրենց հետ, կամ կունենան տներում, կամ գործատեղերում. իրենցից հեռու պահիր ամեն չարություն, վնասակարություն, ցավ ու աղետ: Նաև ազատիր նրանց չար աչքերից, կախարդություններից և սատանայական դիվախորհուրդ բոլոր ազդեցություններից: Թող որ Քո բարի Աչքը հովանի լինի Քեզ հուսացողների վրա, որպեսզի ո՜չ արթուն եղած ժամանակ և ոչ էլ քնած պահին, չար հրեշտակը չհամարձակվի վնասել նրանց, այլ Քո Աստվածային ամենակարող զորությունը հզոր պարիսպ լինի նրանց՝ ընդդեմ սատանայական ամեն տեսակ որոգայթների եւ հարձակումների: 

Թող որ սուրբ Աստվածածին Կույս Մարիամի և համայն սրբերիդ անկասելի բարեխոսությունը պաշտպանի նրանց գիշերային խավարից, գայթակղող երևակայություններից ու պիղծ ոգիներից: Եվ ինչպես մոմն է հալվում կրակի առջև, այդպես էլ թշնամու զորությունները թող հեռանան Տիրոջ այն զավակից, որ կկրի այս աղոթքը: Տերն Ինքը կկարգավորի նրա բարի գործերը, կպաշտպանի նրա սիրտը, միտքը, հոգին ու ներքին և արտաքին զգայարանները: Եվ չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի ու Հովհաննեսի և բոլոր սրբերի բարեխոսությամբ կօրհնի նրանց ելքն ու մուտքը, ամբողջ ունեցվածքը կպահի բոլոր տեսակի չար ու պիղծ ուժերից: Ամեն: 

Եվ այնպես, ինչպես անջուր անապատի մեջ Իսրայելի ժողովրդի ծարավը հագեցնելու համար Մովսեսի ձեռքով ժայռը ճեղքվեց ու ջուր բխեց այնտեղից, և ինչպես որ Տերը դրախտի միջից չորս գետեր բխեցրեց՝ (Գեհոնը, Փիսոնը, Տիգրիսն ու Եփրատը) ոռոգելու համար ամբողջ երկրի երեսը, նույնպես էլ Տերն այս աղոթքը կարդացողի ու կրողի ներաշխարհում պիտի բխեցնի Աստվածային շնորհի և առատ պարգևների աղբյուրներ, պիտի պաշտպանի նրա բոլոր զավակներին և պիտի օրհնելով օրհնի նրա որովայնի պտուղները: Եվ անվանի երդմնեցուցիր Անտոն անապատականի՝ մեծ ճգնավորի բարեխոսությամբ ու աստվածային սուրբ Պատարագի քահանայական զգեստի իշխանությամբ դուրս պիտի վտարի չարի բոլոր երևելի ու աներևույթ թշնամիները: Ամեն: 

Դու՜, ով Տեր, որ Սուրբ Ավետարանի մեջ ասացիր. «Ինչ որ կապեք երկրի վրա՝ կապված պիտի լինի երկնքի մեջ, և ինչ որ արձակեք երկրի վրա՝ արձակված պիտի լինի երկնքի մեջ», ուստի Քո զորությամբ ո՜վ Տեր, արտոնի՜ր, որ այս աղոթքը կրողը արձակված լինի իր մեղքերից և չարի ու նրա գաղտնի որոգայթների դեմ պաշտպանություն և ապահովություն գտնի, որպեսզի ո՜չ ցերեկ ժամանակ չար հրեշտակը կարողանա վնասել իրեն և ոչ էլ գիշերվա պահին՝ պիղծ ոգին: 

Ո՜վ ամենակալ Տեր և Աստված, աղաչում եմ, զորացրու այս աղոթքին վստահող հոգուն ու բժշկիր նրան իր հոգեկան, մտավոր ու ֆիզիկական բոլոր տեսակի հիվանդություններից ու տանջող ցավերից,  բարեխոսությամբ սուրբ մարգարեներիդ ու մարտիրոսներիդ, խստակենցաղ ճգնավորներիդ, որոնք իրենց աղոթքներով ու գործերով հաճելի եղան Քեզ: Աստծո ամենակարող զորությունը կխորտակի դևերի ուժը ու նրանց կնետի դժոխքի խորխորատը: Այս աղոթքի զորությունը հայտնաբերում ու վտարում է նրանց, եթե բնակություն են հաստատել երկաթի, օդի, հողի, ջրի եւ այլ նյութերի, կամ երկրի ստորին վայրերում. Զորությամբ սուրբ Առաքյալների, արդար Աբելի պատարագի Ենովքի նվիրման, Մովսեսի հեզության, Դավթի սաղմոսների, Հիսուս Քրիստոսի հաղթական սուրբ Խաչի, մեր բոլորի Մոր՝ կույս Մարիամի և համայն սրբերի. ամեն: 

Ես հրամայում եմ ձեզ, ով դժոխային պիղծ ոգիներ, Ամենազոր Տիրոջ Անունով, Ով անդամալույծի ոտքի հանեց, ի ծնե կույրի աչքերը բացեց և չորս օրվա գերեզման մտած Ղազարոսին հարություն պարգևեց, որ հեռանա՜ք ու վռնդվե՜ք յուրաքանչյուր անձից, ով կրում է այս աղոթքը, ու անհետանաք նրա մոտից, այնպես, ինչպես փոշին է ցրվում զորեղ քամուց: Երդմնեցնում եմ քեզ, ո՜վ չար սատանա, որ թողնես ու հեռանաս նրանից: Կապում եմ քեզ Աստծո զորությամբ, որ ծովը կապեց մի ափ ավազով: Դու չե՜ս կարող և իրավունք չունե՜ս վնաս պատճառելու այս աղոթքը կրողին. Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ամեն: 

Ով մեր գթառատ Աստված, անսահման ու մարդասեր ողորմությանդ ապավինելով, աղաչում եմ Քեզ, օրհնի՜ր այս աղոթքը կրող զավակներիդ, և հաղթական սուրբ Խաչիդ կնիքով պահիր-պահպանիր նրանց ընտանիքները, կանանց, զավակներին, տներն ու ստացվածքները: Լիառատ կյանքի արգասավորություն և հաջողություն պարգևիր, փրկի՜ր նրանց չարի բոլոր հարձակումներից, որպեսզի երբ այս աղոթքները ընդունես և մեր մարմինները բժշկես, երախտապարտ հոգով ու գոհունակ սրտով երկրպագելով, փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ. Ում վայել է փառքը, իշխանությունն ու պատիվը, հավիտյանս, հավիտենից. ամեն:

Հեղինակ՝ ԿԻՊՐԻԱՆՈՍ