ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԺԹ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա

Նայեա'ց, ամենահայեաց տեսութիւն կենաց բարութեան յուսոյ,
Ի մեծաբարբառ աղաղակ ցաւագնեալ անձինս հեծեծանաց,
Անհաս մեծութիւն, անուն ահաւոր, բարբառ կենդանի,
Լուր ցանկալի, ճաշակ ախորժելի,
Կոչումն պաշտելի, բարերարութիւն խոստովանելի,
Ազդումն խնկելի, իսկութիւն դաւանելի,
Էութիւն փառատրելի, գոյութիւն աւրհնաբանելի,
Տէր Յիսուս, ընդ Հաւր քում գովեալ եւ երկրպագեալ
Եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ բարձրացեալ եւ վերաձայնեալ:
Որ միայն մարմնացար վասն մեր ըստ մեզ,
Զի արասցես զմեզ վասն քո ըստ քեզ,
Լոյս ամենայնի, յամենայնի ողորմած, հզաւր, երկնային:
Եւ այժմ զլուծեալ եւ զխորտակեալ հողանիւթ անաւթս
Աստուածաւրէն հրաշակերտութեամբ, աղաչեմ, գթած, նորոգ հաստատեա',
Զքոյին պատկերս մեղաւք հնացեալս
Ի քրայս հալոցաց կայծակամբ բանիդ,
Պաղատիմ առ քեզ, վերստին ձուլեա',
Զխախատեալ շինուածս քումդ հանգստեան խորանի մարմնոյս`
Պահպանաւ հոգւոյս, մաղթեմ, բարերար,
Ի բնակութիւն քեզ մաքրագործեա':
Մի' հատուցաներ չարեացն իմ գործոց զնոյն փոխատրութիւն:
Արբեալ եմ,ըստ մարգարէին բանի, եւ ոչ ի գինւոյ.
Թափեա' զմրուրս անաւրէնութեան թմբրութեան մահու բաժակիս
Ազատարար հրամանաւդ, ամենակեցոյց,
Զի մի' զքոյդ քամեցից ի վերջին աւուր յետնում հատուցմանն: 
Բ 



Արդար ես յիրաւունս քո եւ յաղթող` ի դատաստանի.
Եթէ մահու մատնես, ճշմարիտ են գործք քո,
Եթէ դատապարտես` աստուստ սկսեալ զտանջողականն կշտամբութիւն,
Ստոյգ են հատուցմունք քո,
Եթէ յանդունդս խորոց սուզեսցես,
Թէ զկենդանութիւն շարժմանս բարձցես,
Թէ զբանիս զաւրութիւն ունայնացուսցես,
Թէ զաչացս պատուհանս ստուերացուսցես,
Թէ զկենացն ճաշակ ի քեզ ինքն ամփոփեսցես,
Թէ զհասարակաց կերակրոյս դարմանս բարձցես,
Թէ զաւուրցս հարստութիւն համառաւտեսցես,
Թէ ընդ իջման քաղցրութեան ցաւղոյ եւ հուր տեղասցես,
Թէ ի լրութենէ բանի քոյ սովեցուսցես,
Թէ զականջացս դրունս խցցես,
Թէ զշնորհիդ ձիր կտրեսցես,
Թէ զգետին յատակի ոտիցս սասանեսցես,
Թէ յանձկալի երեսաց լուսոյդ քոյ հանցես,
Թէ ի համաւրէն աշխարհէ աստի հերքեսցես,
Թէ փայլատակմամբ հրոյ պակուսցես,
Թէ անբժշկական ցաւաւք դատեսցես,
Թէ դիւաց չարաց մատնեսցես,
Թէ գազանաց ժանեաւք մանրեսցես,
Թէ հողմով ցասման հոսեսցես
Եւ թէ այլ ինչ նորոգ արարած տանջանարանաց կազմեսցես`
Չար, քան զտարտարոսն,
Եւ սաստիկ, քան զգեհենն,
Թունաւորագոյն, քան զորդունսն,
Տարակուսելի, քան զխաւարն,
Երկիւղագին, քան զխորխորատն,
Ողորմելի, քան զմերկութիւնն,-
Վկայեմ անձամբ անձին` յոյժ պարտական գոլ սոցա: 
Գ

Եւ քանզի յաւէտ տպաւորագոյն են նմանութիւնք փոխատրութեանցն
Առ ազգակցութիւն մեղանացս,
Իբր պատկերակիցք, միատեսակք, զուգաշաւիղք`
Նշանակիչք այսր խորհրդոյ,
Արդ կարեւոր է խոստովանել եւ յանդիմանել զերեսացն ծածկոյթս`
Առ ծանաւթութիւն խնդրողին:
Որպէս զի ոչ ջերմն սիրով առ ընկերին կարիս մատուցայ,
Յիրաւի ի նախնումն վտանգին տագնապեալ սառնում:
Եւ զի ոչ զցանկականն խրոխտականութիւն սանձեցի,
Յարժանի կրեմ եղկելիս զանզովանալի զկիզումն:
Եւ քանզի ոչ սիրեցի զլուսոյդ աւետիս,
Արդար հատուցմամբ ի մթութիւն ըմբռնողական
Միգին կորստեան վրիպեալ դանդաչեմ:
Եւ զի ոչ խտրեցի զմանունս փոքունցն յանցանաց,
Իբր անվնասակարք վարկանելով,
Պատկանապէս ի խածանողականացն
Զազիրն զեռնոց խթեալ խոցոտիմ:
Եւ զի ոչ ձեռն կարկառի առ կիրս վտանգաւորին` այց առնել նմին,
Ի դէպ իսկ, ըստ գծագրութեան այսր աւրինակի,
Ապականութեանն գբոյ նուիրեալ մատնիմ: 
Դ

Եւ արդ, ո'չ յաստուածուստ ամենաբարի գանձուցդ` չարիս,
Եւ ո'չ ի լուսոյդ նշողից` խաւար,
Եւ ո'չ յապաւինութենէդ` գայթակղութիւն,
Այլ ես ինձէ'ն կորստեան որդիս գտի զայսոսիկ:
Մեղա՜նք անաւրէնութեան իմոյ գանձեցին,
Նիւթեցին զայսքանեաց բարկութեան մթերս:
Հոգւոյ իշխանին մոլութեան հնազանդեալ`
Թողի զտեղի քո նորա,
Ըստ Գրոյն խրատու յանդիմանութեան: 
Ե 

Եւ քանզի յայտնեցաւ յետուստ գաղտնեաց առականաց մարմնոյս անդամոց
Եւ արկաւ զերեսաւք կերպիս անվայելուչ ստուեր ամաւթոյս,
Ըստ մարգարէին առակի,
Տգեղս ցուցեալ զիս ամենեւին`
Իբր մերկացեալ խայտառակեցելոյ պոռնկի,-
Ծագեա' յիս զլոյս քաւութեան, արքայ երկնաւոր,
Զի թաւթափեալ զմեղաց փոշիս,
Ըստ աւետեաց ձայնին դարձելոցն ի Բաբելոնէ,
Նստայց վերստին` կանգնեալ ի հողոյ,
Եւ ի հաստատութիւն յուսոյդ հիմնացեալ անսասանելի,
Ըստ եսայեան բանին,
Զգեցեալ զզաւրութիւն բազկի կարութեան նախնում մաքրութեանն`
Վասն մեծութեան փառաց քաղցրութեան ամենապարգեւ քո աստուածութեանդ:
Աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:

Ա 

Ով դու, բարի կյանքի հուսատու 
ամենահայաց տեսողություն, 
Ուշք դիր ցավագնած հոգուս 
հեծեծանքների բարձրաձայն 
աղաղակին, 
Անհա՜ս մեծություն, անուն ահավոր, 
բարբառ կենդանի, 
Լուր ցանկալի, ճաշակ ախորժելի, 
կոչումն պաշտելի, 
Բարություն խոստովանելի, ազդումն 
խնկելի, 
Դավանելի իսկություն, էություն 
փառատրելի, գոյություն 
օրհնաբանելի, 
Ո՜վ դու Տեր Հիսուս, Հորդ հետ գովված ու երկրպագված 
Եվ Սուրբ Հոգուդ հետ բարձրացած ու հռչակված, 
Որ մարմնացար մեզ պես ու մեզ համար, 
Որպեսզի մեզ էլ անես քեզ համար ու քեզ նման, 
Լույս ամենայնի, համակ ողորմած, հզոր 
երկնային: 
Եվ այժմ քայքայված ու խորտակված 
անոթն իմ հողեղեն 
Աստվածորեն հրաշակերտելով, աղաչում 
եմ, գթա՛ծ, նորոգիր նորեն: 
Մեղքերով հնացած պատկերն իմ` քո ինձ տված, 
Հալելով կրկին քուրաների մեջ խոսքիդ 
կայծակով` 
Պաղատում եմ քեզ, ձուլի՛ր վերստին: 
Հոգիս պահպանող մարմնիս խորանի 
շինվածքը խախտված` 
հանգստարանը քո, 
Աղաչում եմ, ո՜վ բարերար, մաքրագործիր 
քեզ ի բնակություն: 
Իմ չար գործերի փոխարեն մի՛ հատուցիր նույնը դու ինձ: 
Արբած եմ ես, բայց ոչ թե գինով, ինչպես մարգարեն է ասում. 
Թափիր հրամանով քո ազատարար, 
ամենակեցո՜ւյց, 
Մահվան բաժակիս թմրեցնող մրուրն 
անօրենության, 
Որ բաժակդ ես չքամեմ վերջին օրը 
հատուցման: 

Բ 
Արդար ես դու իրավունքիդ մեջ և հաղթող` 
քո դատաստանում. 
Թե մատնես մահվան` ճշմարիտն արած 
կլինես. 
Թե դատապարտես, այստեղից սկսելով 
կշտամբությունդ տանջողական` 
հատուցում է ճիշտ. 
Թե անդունդների խորքերը սուզես, 
Թե կենդանության շարժումները 
դադարեցնես, 
Թե զորությունն իմ խոսքի ունայնացնես,  
Թե պատուհաններն աչքերիս 
ստվերացնես, 
Թե կյանքի ճաշակն ինձնից հետ առնես, 
Թե ընդհանրական կերակրից ինձ զրկես, 
Թե օրերիս երկարությունը կարճացնես, 
Թե իջնող քաղցր ցողի հետ մեկտեղ 
վերից հուր թափես, 
Թե խոսքդ լսելուց ինձ քաղցած թողնես, 
Թե ականջներիս դռները խցես, 
Թե շնորհիդ պատկերն ինձանից կտրես, 
Թե ոտքիս տակի հողը սարսես, 
Թե ինձ անձկալի քո լույսից հանես, 
Թե այս աշխարհից ինձ բոլորովին դու 
դուրս վտարես, 
Թե հրաբորբոք փայլատակումով ինձ 
ահաբեկես, 
Թե անբուժելի ցավերով պատժես, 
Թե ինձ չարչարող դևերին մատնես, 
Թե ցասման հողմով ինձ հեռու քշես, 
Եվ թե ուրիշ նոր չարչարանքների 
գործիքներ կազմես– 
Տարտարոսից վատ և գեհենից էլ ավելի 
սաստիկ, 
Ավելի թունոտ, քան թե որդերը, և քան խավարը տարակուսելի 
Եվ երկյուղալի` խորխորատից էլ, և 
ողորմելի` մերկությունը քան,– 
Ես ինքս անձամբ վկայում եմ, թե արժանի եմ խիստ այդ բոլորին: 
 Գ

Եվ քանզի մեղքերս նման են իրար, 
Ուրեմն և նրանց հատուցումներն էլ պետք 
է որ նման լինեն իրարու, 
Իբրև միմյանց պատկերակից, միատեսակ և զուգակշիռ, 
Այս հասկացողության կրողներն են, 
Ուստի կարևոր է խոստովանել և քողը 
վերցնել նրանց երեսի, 
Որպեսզի տեսնի փնտրողը նրան և 
ծանոթանա, 
Քանի որ ջերմ սիրով չմոտեցա ես 
ընկերոջս կարիքներին, 
Իրավացի է, որ առաջին իսկ վտանգի 
պահին սառեմ տագնապած: 
Եվ որովհետև ես չսանձեցի 
ցանկություններս ապերասան, 
Ուստի եղկելուս արժանի է, որ կրում եմ կիզումն անզովանալի: 
Եվ քանի որ ես չսիրեցի ավետիսը լույսիդ` 
Արդար է, որ ես կորստյան մեգի թանձր 
խավարում խարխափեմ 
մոլորագնաց: 
Եվ քանզի խտրություն չդրի մանր ու 
մունր հանցանքների միջև, 
համարելով նրանք անվնասակար, 
Զազիր զեռունների խայթումներից 
խոցոտվում եմ արդ արժանապես: 
Եվ քանի որ ես ձեռք չերկարեցի վտանգի մեջ վշտակրին օգնելու, 
Տեղին է, որ գարշ ապականության գուբին մատնվեմ: 
 Դ 

Եվ արդ, ո՛չ աստվածային քո գանձերից` 
չարիք, 
Ո՛չ քո լույսի շողերից` խավար, 
Եվ ոչ էլ քեզ ապավինելուց 
սայթաքումներ առաջ կգան, 
Այլ ես ինքս` կորստյան որդիս գտա այս 
բոլորը: 
Բազում անօրեն մեղքերս են, որոնք նյութեցին այսքան բարկություն: 
Մոլորեցուցիչ իշխանի կամքին 
հնազանդելով` նրան թողի ես քո 
տեղն իսկական, 
Ըստ Գրքի հանդիմանության:
Ե

Եվ քանզի հայտնի դարձավ մարմնիս 
անդամների գաղտնիքն ու 
խայտառակությունը, 
Եվ երեսիս ընկավ անվայելուչ ստվերն 
ամոթանքիս, ըստ մարգարեի 
առակի, 
Ինձ բոլորովին տգեղացնելով` մերկ, 
խայտառակված պոռնիկի նման,– 
Ծագիր իմ մեջ լույսը քավության, 
երկնավո՛ր արքա, 
Որպեսզի թոթափելով մեղքերիս փոշին, 
Ավետյաց ձայնը լսած, Բաբելոնից ետ 
դարձողների պես, 
Հողից վեր կենալով` վերստին նստեմ, 
Եվ անսասան` հույսիդ ամրությանը 
հիմնվելով, Ինչպես Եսային է ասել, 
Նախնի մաքրությամբ հագնեմ քո բազկի 
զորությունը կարող, 
Քո քաղցր փառքի մեծության համար և 
աստվածությանդ ամենապարգև, 
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն: