ՍԱՂՄՈՍ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ՝ ՈՂՈՐՄՅԱ

ՍԱՂՄՈՍ Ծ

Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա՛ զանօրէնութիւնս իմ: Առաւել լուա՛ զիս յանօրէնութենէ իմմէ, եւ ի մեղաց իմոց սուրբ արա՛ զիս: Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ: Քեզ միայն մեղայ, Տէ՛ր, եւ չար առաջի քո արարի: 
Որպէս արդար եղիցիս ի բանս քո, եւ յաղթող ի դատել քեզ: Անօրէնութեամբ յղացաւ, եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ: Դու, Տէ՛ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ: Ցօղեա՛ յիս մշտկաւ եւ սուրբ եղէց, լուա՛ եւ քան զձիւն սպիտակ եղէց: Լսելի արա՛ ինձ, Տէ՛ր, զցնծութիւն եւ զուրախութիւն, եւ ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք: Դարձո՛ զերեսս քո ի մեղաց իմոց, եւ զամենայն անօրէնութիւնս իմ քաւեա՛ յինէն: Սիրտ սուրբ հաստատեա յիս Աստուած, եւ հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում: 
Մի՛ ընկենուր զիս, Տէ՛ր, յերեսաց քոց եւ զհոգի քո սուրբ մի՛ հաներ յինէն: Տո՛ւր ինձ ցնծութիւն փրկութեան քոյ, եւ հոգւով պետութեան քոյ հաստատեա զիս: Ուսուցից անօրինաց զճանապարհս քո, եւ ամպարիշտք առ քեզ դարձցին: Փրկեա՛ զիս յարենէ, Աստուա՛ծ, Աստուած փրկութեան իմոյ. ցնծասցէ լեզու իմ յարդարութեան քում: Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո: Թէ կամեցեալ էիր պատարագս մատուցանէաք, բայց դու ընդ ողջակէզս իսկ ո՛չ հաճեցար: 
Պատարագ Աստուծոյ՝ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ո՛չ արհամարհէ: 
Բարի արա, Տէ՛ր, կամօք քովք Սիոնի եւ շինեսցին պարիսպքն Երուսաղեմի: Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան, յորժամ ուխտից պատարագս հանցեն ի սեղան քո զուարակս:
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ Իմ անօրենություններն ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են։  Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի քո առջև, որպեսզի արդար լինես քո խոսքերում, և հաղթող՝ քո դատաստանի մեջ։  Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ։ Դու, Տե՛ր, ճշմարտությունը սիրեցիր և քո իմաստության անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր։  Ցողի՛ր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ, լվա՛՝ ու ձյունից ճերմակ կլինեմ։ Ինձ ցնծություն և ուրախություն լսել տո՛ւր, և թող տառապյալ ոսկորներս ցնծան։ Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից։ Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։ Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո երեսից և սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։ Ինձ փրկության ցնծությո՛ւն տուր, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։ Անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհը, և ամբարիշտները քո կողմը կդառնան։ Փրկի՛ր ինձ արյունից, Աստվա՛ծ, իմ փրկությա՛ն Աստված. լեզուս թող ցնծա քո արդարությամբ։ Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո։ Եթե ուզեիր՝ պատարագ կմատուցեինք, բայց դու ողջակեզներ չես սիրում։ Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում։ Քո բարեհաճությամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տե՛ր, և Երուսաղեմի պարիսպները թող կառուցվեն։ Այնժամ դու կհավանես արդարության պատարագները, և, իբրև ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կմատուցեն։