ԱՂՕԹՔ ԱՌ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻ
Ներսես Լամբրոնացի
Այլ ամեն կողմից տարակուսանքներով
շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս
Քեզ ենք նայում, մեր
տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս:
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի
մենք Քեզանով արդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով
երկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով,
սրբվենք:
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռվակի՛ր
Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների:
Մեկնի՛ր
աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:
Կարոտեցինք շնորհի,
սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր,
խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք
հավատից, հաստատի՛ր:
Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն,
Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն:
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից
փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը:
Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով,
հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում,
ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:
Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ
Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն: